ՌԴ արդարադատության նախարարությունը կասեցրել է «Եհովայի վկաների վարչական կենտրոնի» գործունեությունը. այս մասին հաղորդել է Ria.ru-ն՝ հղում կատարելով նախարարության մամուլի ծառայությանը:
Կազմակերպությունը, որը ներկայացնում է «Եհովայի վկաներ» կրոնական ուղղությունը, ընդգրկվել է հասարակական և կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում կասեցված է՝ դրանց ծայրահեղական գործունեության պատճառով:
Ապրիլի 5-ին ՌԴ Գերագույն դատարանը կքննի արդարադատության նախարարության՝ կազմակերպությունը ծայրահեղական ճանաչելու և Ռուսաստանի տարածքում դրա գործունեությունն արգելելու վերաբերյալ հայցը:
«Եհովայի վկաների» ռուսական մասնաճյուղի ղեկավար Վասիլի Կալինը ներկայիս դատաքննությունն անվանել է եկեղեցու 175 հազար հետևորդների կյանքում ամենադժվար ժամանակահատվածը:
«Նրանք խիստ պատժի են ցանկանում ենթարկել մեր 396 կազմակերպություններին՝ առգրավելով հավատացյալներից նրանց պաշտամունքի համար նախատեսված բոլոր տներն ու այլ գույք: Եթե արդարադատության նախարարությունը հասնի իր ուզածին, հավատացյալներին կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում»,- ասել է հոգևոր առաջնորդը: