Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի մասնակցությամբ միջգերատեսչական աշխատանքային խումբը ծանոթացել է «Ազգային տեխնոլոգիական նախաձեռնություն» ծրագրին, որի համաձայն 2035-ին Ռուսաստանում կարող են հայտնվել սեփական ծրագրավորման լեզուն, նոր տիպի բջջային օպերատոր, ինչպես նաև տելեպորտացիա՝ հայտնում է «Կոմերսանտը»:
Նշվում է, որ այդ ծրագրի շրջանակում 2025 թ. Ռուսաստանը կունենա 5G բջջային կապի ենթակառուցվածք, ինչպես նաև հնարավոր կլինի ներդնել կիբեռսպառնալիքներից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու միասնական ցանց: Ռուս մասնագետները 2035 թ. մտադիր են գործի դնել նեյրոինտերֆեյսներ, քվանտային հաշվիչներ և օգտագործել բնական երևույթները տեղեկատվությունը փոխանցելու համար:
Պարբերականի տվյալներով` առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի համար ծախսել 10,8 մլրդ ռուբլի, որից 7 միլիարդը կտրամադրվի պետական բյուջեից, իսկ մնացածը` մասնավոր ներդրողների կողմից: