«Արդեն աշուն է, ու ճտերը հաշվելու ժամանակն է»,- այսօր լրագրողների հետ հրավիրված հանդիպման ժամանակ, գնահատելով Հայաստանի ներկա տնտեսական վիճակն` ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` նկատելով, որ այս գործընթացի ժամանակ կեղծելը դժվար է:
«Համաշխարհային տնտեսության այս տարվա զարգացումների ընդհանուր միտումը բացասական է, դա արտացոլվել է այն կանխատեսումներում, որոնք հրապարակվել են: Սկսած համաշխարհային տնտեսության սպասվող աճի տեմպերի նվազումից, որը կազմում է մոտ 3 տոկոս, Եվրոպայում անկումը ավելի մեղմ է, բայց առանձին երկրներում բավական բարձր է, իսկ Ռուսաստանի պարագայում կանխատեսվող նվազումները շատ ավելի մեծ են: Արժույթի միջազգային հիմնադրամը սպասումներ ունի, որ Ռուսաստանում տնտեսությունը լավագույն դեպքում կունենա 0,2 տոկոս աճ: Սա հուլիսյան գնահատական է, այստեղ ներառված չեն պատժամիջոցների ազդեցությունները»,- պարզաբանեց տնտեսագետը` նկատելով, որ պատկերը բավական գորշ է:
Ըստ տնտեսագետի` այս գորշ պատկերը կպահպանվի նաև գալիք տարիների ընթացքում: Նրա խոսքով` մասնագետներն էլ կարծում են` Ռուսաստանի տնտեսությունը չի աճելու, նման տեսակետ են հայտնել անգամ Ռուսաստանի որոշ մասնագետներ:
Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ Ռուսաստանի տնտեսական վիճակն իր ազդեցությունն է թողել Հայաստանի տնտեսության վրա.
«Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ունեցել ենք տնտեսության 4.1 տոկոս աճ, իսկ տնտեսության առանձին ճյուղերում ունենք այսպիսի պատկեր. արդյունաբերություն՝ 0.9 տոկոս, ներմուծման ծավալ՝ 3 տոկոս, գյուղատնտեսություն՝ 4.9 տոկոս, իհարկե, գյուղատնտեսական ոլորտում այս ցուցանիշը խաբուսիկ է, առեւտրի շրջանառություն՝ 5.3 տոկոս, սպասարկում՝ 6.2 տոկոս»,- նշեց Բագրատ Ասատրյանը` հավելով, որ բանկային համակարգում այս տարի աճ չենք ունեցել, մինչդեռ նախորդ տարիներին աճը կազմել է 15-20 տոկոս:
Ամփոփելով` տնտեսագետը նշեց` Հայաստանում տարին կամփոփվի 2,5 տոկոս աճով, որն իր կարծիքով զրոյական ցուցանիշ է:
Շողիկ Գալստյան