Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես սպառնալիք, հայտնում է Ռիա Նովոստին:
Միաժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար վրացական կողմին անհրաժեշտ է համբերություն ու ժամանակ:
«Դա բարդ գործընթաց է: Մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը չի հակասում ռուսական ազգային շահերին, սակայն ռուսական ղեկավարությունը կարծում է, որ դա վտանգավոր է նրանց համար: Մենք տեղյակ ենք դրա մասին, սակայն շարունակում ենք մեր նպատակներին հասնելու ուղին: Մենք անպայման կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ, մենք պետք է ձգտենք դառնալ ԵՄ անդամ, դրա համար ժամանակ է պետք: Մենք պետք է համբերությամբ սպասենք, թե երբ Ռուսաստանն ու գործընկեր երկրները կգիտակցեն ու կտեսնեն, որ արդեն ժամանակն է, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ»,- ասել է նա: