«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Արևմուտքը բավական լոյալ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ:
«ԱՄՆ-ն ևս բավական դրական իմպուլսներ է փոխանցում Հայաստանին: Հուսով եմ` ԱՄՆ նորանշանակ դեսպանը ևս կշարունակի նույն քաղաքականությունը: Նաև այդ ցանկությունը կա և Արևմուտքի և Իրանի կողմից, որպեսզի Հայաստանի տարածքով գազատար անցնի»,- այսօր տարվա ամփոփիչ ասուլիսին ասաց Մարտիրոսյանը:
Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին խոսելիս` «Բարև Երևան» դաշինքի անդամն ասաց, որ Հայաստանին դա ձեռնտու չէր ընդհանրապես:
«Այն կանխատեսումը, որ իրականացրել եմ դեռևս սեպտեմբերին, ճիշտ է, մենք տեսանք, որ խնդիր էր դրված իշխանություն պահպանելու, այլ ոչ թե Հայաստանի տնտեսությունը բարելավելու: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում աղքատությունը սկսում է խորանալ: Ռուսաստանի հետ կապված այս խնդիրները ավելի են երկարաձգվելու, կարծում եմ»,- ընդգծեց նա:
Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ` տնտեսական առումով Հայաստանում որևէ զարգացում տեղի չի ունեցել:
«Կառավարությունը խոսում է վերահսկվող գնաճի մասին, բայց տեսնում ենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքները այս տարի կրկնակի թանկացել են»,- ասաց նա: