Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է Գյումրիում 57-ամյա կնոջ սպանությանը, որում մեղադրվում է ռուսական 102-րդ բազայի զինծառայողներից մեկը: Ցավակցելով կնոջ հարազատներին՝ Կոպիրկինն ասել է, որ չի կարելի քաղաքականացնել այդ հարցը:
Դեսպանի խոսքով, այդ հանցագործոթյունը պետք է բացահայտվի, իսկ հանցագործը պատժվի, բայց քաղաքականացումը չի օգնի քննության օբյեկտիվությանն ու արդյունավետությանը:
Կոպիրկինն նշել է, որ մի շարք լրատվամիջոցներ փորձել են քաղաքականացնել հարցն ու ուղղորդել դեպի ռուսական բազա՝ չնայած այդ ժամանակ քննությունը դեռ վարկած չուներ: «Երբ տեղի էր ունեցել, քննությունը դեռ վարկած չուներ: Հիշում եք, անգամ Շիրակի դատախազն ասել էր թե ինչ կապ ունի բազան: Առաջին օրերին որոշ լրատվամիջոցներում գրել էին, որ հետքերը տանում են բազան մինչև քննության կողմից վարկած առաջ քաշելը: Մի՞թե սա քաղաքականացում չէ: Սա քննությանն ու հանրային կարծիքն ուղղորդելու նպատակ ուներ», – ասել է դեսպանը: