ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի տնտեսական ներկա վիճակը գտնվում է միջանկյալ փուլում:
«Տնտեսության իրական հատվածի փուլերը, մասնավորապես, արդյունաբերությունը, բավական ցածր տեմպերով է առաջ գնում, մենք ունենք տնտեսական աճի տեմպերի դանդաղում, որը գոհացացուցիչ չէ, ներդրումների իրական ծավալը ևս գոհացուցիչ չէ»,- նկատեց տնտեսագետը:
Ըստ նրա` կառավարությունը որոշակի նախաձեռնություններ ցուցաբերում է հատկապես օրենսդրական դաշտում, որպեսզի ապահովի դրական միտումներ, բայց առայժմ արդյունքներ չկան:
Միքայել Մելքումյանը, խոսելով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցնեի մասին, ընդգծեց հետևյալը.
«Պատժամիջոցների կիրառման երեք ուղղություն են արձանագրում. առաջինը` բանկային համակարգի պատժամիջոցներն են, երկրորդը`բարձր տեխնոլոգիական մեքենասարքավորումների ներկրումը, որն այլևս չի տրամադրվելու Ռուսաստանին, երրորդը` ռադիոմիկրոէլեկտրոնիկայի չմատակարարելն է»:
Նրա խոսքով` Ռուսաստանն էլ, իր հերթին, արգելել է լայն սպառման գյուղատնտեսական ապրանքների մուտքը եվրոպական երկրներից:
Թե այս ամենն ինչքանով կազդի Հայաստանի վրա՝ Միքայել Մելքումյանը նշեց` Ռուսաստանում այս սանկցիաներից տնտեսական ակտիվության թուլացում կլինի, որն էլ կանդրադառնա նաև Հայաստանի վրա, կնվազի Հայաստան եկող տրանսֆերների քանակը: Նա ընդգծեց նաև, որ Հայաստանում կան մի քանի հազար ռուսական ընկերություններ (էներգետիկ համակարգը, բանկային համակարգը), որոնք ևս խնդիրներ կունենան:
Տնտեսագետի խոսքով` միակ դրական ուղենիշը գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների կրկնապատկումն է դեպի ռուսական շուկա, իսկ մեզ մոտ էլ, ցավոք, չկան այն ռեսուրսները, որոնք կնպաստեն գյուղատնտեսական ապրանքների քանակական աճին:
Շողիկ Գալստյան