«Մեր հասարակությունը Ռուսաստանի մասին ինչ-որ մի իդեալական պատկեր է ստեղծել տասնյակ տարիների ընթացքում և նեղանում է, երբ իրականությունը չի համապատասխանում իր կողմից ստեղծված պատկերներին»,-սահմանային լարվածությանը զուգահեռ հայ-ռուսական հարաբերություններում զարգացող լարվածությանն անդրադարձավ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Բանախոսը նշեց, որ նույն կառույցի կազմում լինելը չի նշականում, որ մենք Ռուսաստանի կողմից որևէ բանի համար երաշխիք կունենանք.«Կարևոր է, որ այսօր շատ պրագմատիկ տեսակետից նայենք հայ-ռուսական հարաբերություններին և հասկանանք, որ ինչքան էլ մենք լինենք տարբեր կառույցներում, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանի կողմից մենք կստանանք որևէ երաշխիք՝ մեր անվտանգության, տնտեսական զարգացման և այլ բանի համար: Այդ երաշխիքները կլինեն միայն կոնկրետ հարաբերությունների դեպքում, որտեղ երկու կողմերը կունենան իրավաբանորեն պարտավորեցնող պատասխանատվություն»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը, շարունակելով պարոն Նավասարդյանին՝ հավելեց, որ Ռուսաստանն այստեղ ևս իր շահերն ունի.«Ռուսաստանն իր շահերն ունի, մենք ունենք մեր շահերը, պարզապես պետք է այդ շահերը գնահատենք և մեր շահերն առաջ տանենք: Դուք խոսում եք հասարակության մասին, ես կասեմ քաղաքական գործիչների՝ կոնկրետ որոշումներ ընդունողների մասին: Հասարակության մոտ կարող է ինչ որ իլյուզիաներ լինել, բայց որոշումներ ընդունողները կոնկրետ հասկանում են՝ ինչ է կատարվում. սա է հիմնական խնդիրը և այն գաղափարախոսական լափշան, որ մեր ականջներից են կախում արդեն տասնամյակներ շարունակ»:
Ենոքյանը հիշեց 22 տարի առաջվա իրավիճակը. եթե իշխանություններն ամբողջությամբ իրենց լեգիտիմությունը ստանում էին Մոսկվայից, ուրեմն նրանք այստեղ պետք է ռուսական շահերն առաջ տանեին.«22 տարին հսկայական ժամկետ էր: Ավելի կարճ ժամկետում ջլատված, ծվենների վերածված Գերմանիան կարողացավ վերականգնվել այնքան, որ մի նոր պատերազմ սկսեց: Իսկ ի՞նչ արեցինք մենք այս ընթացքում. մենք ենթադրեցինք, որ ամեն ինչ ձեռք ենք բերել, այլևս ոչ մի խնդիր չունենք: Հույսներս դրեցինք Ռուսաստանի վրա՝ անվտանգության, լեգիտիմության տեսանկյունից և ենթադրեցինք, որ մեզ տրված է քարտ բլանշ` կոռուպցիայի համար»:
Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ ընդվզումը նաև ընդվզում է կոռուպցիայի դեմ.«Երբ մեզ խորհուրդ էին տալիս, ասում էին՝ կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է, մեր բարձր պաշտոնյաներն ասում էին՝ մի խառնվեք մեր ներքին գործերին: Տեսանք ինչի հանգեցրեց դա: Եթե չլիներ այդ ռուսական հովանոցը, այսպիսի կոռուպցիոն իրավիճակ Հայաստանում չէր կարող լինել, որովհետև Ռուսաստանի հետ հեշտ է կոռուպցիա անելը: Ռուսաստանն այլ տիպի իշխանության հետ, բացի կոռումպացվածից՝ չի կարող համագործակցել»: