Ռուսաստանն անհավանականորեն արագ արձագանքեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրադադարի խախտմանը, գրում է Financial Times-ը:
Մոսկվան շատ ավելի շուտ հասավ զինադադարի հաստատմանը, քան այդ հարցով հասցրեցին հավաքվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Financial Times-ի փորձագետների կարծիքով, այսպիսի դիվանագիտական ակտիվությունը կօգնի Ռուսաստանին ամրացնելու իր դիրքերը տարածաշրջանում, այն տարածաշրջանում , որը էներգակիրների առումով կարևորագույն նշանակություն ունի Եվրոպայի համար:
«Եվրոպայում ամենադժվար լուծելի համարվող կոնֆլիկտներից մեկը պատրաստ է պայթել, և այդ սուր պահին Ռուսաստանը միացնում է իր դիվանագիտական ֆորսաժը»,- ասվում է հոդվածում:
Երբ Լեռնային Ղարաբաղում խախտվեց զինադադարը ,Վլադիմիր Պուտինն անցավ գործի և ազդեց նոր համաձայնության կայացման վրա:
Փորձագետների կարծիքով, այդ քայլը թույլ կտա Մոսկվային էլ ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, որը ռուսական էներգակիրներից ազատվել ցանակացող Եվրոպայի համար կարևորագույն տարածաշրջան է:
«Ստրատեգիական տեսանկյունից Պուտինը լցրեց այն վակուումը, որն առաջացել էր ԱՄՆ-ի լռության պատճառով, և այդ լռությունը Երևանում և Բաքվում տպավորություն էր ստեղծել, որ նրանք մենակ են մնացել, որ նրանք Պուտինին այլընտրանք չունեն»,- ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Financial Times-ն առանձնահատուկ նշում է այն արագությունը, որ Մոսկվան ցուցաբերեց նոր խաղաղության հաստատման համար: Նշվում է, որ զինված բախումներից մի քանի օր հետո Մոսկվայում արդեն համաձայնություն կար զինադադարի հետ կապված: Իսկ դրանից մի քանի օր անց, տարածաշրջան այցելեցին ՌԴ վարչապետն ու Արտաքին գործերի նախարարը: Մոսկվայի քայլերն առաջ էին ընկնում Մինսկի խմբի քայլերից և մինչ նրանք հանդիպում էին կազմակերպում, Մոսկվան իր միջնորդությամբ զինադադար էր բերել, ասվում է հոդվածում:
Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը ոչ հաճելիորեն զարմացած էր , թե ինչ անշտապ են գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ավելացրել էր, որ հակամարտությանն արժանի ուշադրություն չի դարձվում և որ միջազգային հանրությունը չի ցանկանում կոնկրետ քայլերի գնալ խնդիրը լուծելու համար:
Financial Times-ը նշում է, որ ԱՄՆ-ն իրականում չի ցանկանում դիվանագիտական ջանքեր գործադրել այս կոնֆլիկտի լուծման համար: Պարբերականը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ի բարձրագույն իշխանության մոտ կանգնած իր աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան հետախուզական արբանյակները նույնիսկ չեն հետևել, թե ինչ է կատարվում կոնֆլիկտի գոտում, նրանք ուղղված են եղել Ուկրաինայի և Սիրիայի ուղղությամբ:
Մեզ թվում է, որ Ռուսաստանը ժամանակավորապես մի կողմ է դրել Թուրքիայի հետ ունեցած իր հակասությունները, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր պետությունները, որի անդամ են և Ռուսաստանը և Թուրքիան, դատապարտել են բռնությունը: Արդյունքում՝ առաջին անգամ միասնական հայտարարություն է արվել խմբի անդամ բոլոր պետությունների անունից, ասվում է Financial Times-ի հրապարակած հոդվածում: