Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Դա նման է այսբերգի: Երևում է միայն վերնամասը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի ներկայացրած առաջարկները հետաքրքրում են նաև մեզ: Նրանք հնչեցրել են մի շարք հետաքրքիր մտքեր: Եվ դրանք բոլորը նույնպես հենված են Մադրիդյան նորացված սկզբունքների վրա: Ռուսաստանը մեզ առաջարկում է հակամարտության փուլային կարգավորում: Սակայն ամենից առաջ հայկական զորքերը պետք է հեռանան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- նշել է Մամեդյարովը:
Նա շարունակել է, որ ռուսական կողմն ու համանախագահները ամբողջությամբ աջակցում են 1994-95թթ.-ին կնքված զինադադարի համաձայնագիրը:
«Ինչպես գիտեք՝ հրադադարի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք նույնպես կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է: Հնարավոր չէ այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Մենք միշտ ասում ենք, որ կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը: Սակայն պետք է արդյունք լինի: Դա չի նշանակում, որ պետք է ևս 25 տարի բանակցություններ վարենք: Մենք ասում ենք, որ ինչ ճանապարհով էլ լինի՝ պետք է առաջ շարժվենք»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը: