Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատում երկրի իրավիճակի մասին ելույթում անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին:
Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ իրենք ցույց են տալիս ամերիկյան ռազմական և դիվանագիտական հզորությունը:
«Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ ավելի մեծ երկրները չպետք է փոքրերի հետ խոսեն սպառնալիքի լեզվով: Հակադրվելով Ռուսաստանին՝ փորձում ենք սատար կանգնել Ուկրաինայում ժողովրդավարության հաստատմանը»,- ասել է Օբաման:
Վերջինս նշել է, որ նախորդ տարի, երբ ԱՄՆ իշխանություններն իրենց եվրոպացի գործընկերների հետ ծանր աշխատանք էին տանում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու համար, ոմանք կարծիք էին հայտնում՝ ՌԴ գործողությունների հիանալի մտածված լինելու մասին: Իսկ այս պահին Ռուսաստանը մեկուսացված է՝ նրա տնտեսությունը ծանր կացության մեջ է հայտնվել:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրենք գերադասում են ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անել, այլ աշխատել անդրդրվելի վճռականությամբ:
Կարծում ենք, դժվար չէ հասկանալ, որ Օբաման իր ելույթի տողատակերում «քաղաքական ապտակ» է փորձել հասցնել իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիիր Պուտինին: