Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ, որը տասը տարով է, մարումը 2018 թվականից: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի իրավական իրազեկման պետական կայքը: Համաձայնագիրը կնքել են երկու երկրների կառավարությունները:
Վարկը հատկացվել է ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Պայմանագրի հավելվածով նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «Սմերչ» կայանքներ եւ դրա համար նախատեսված զինամթերք, «Իգլա-Ս» զենիթա-հրթիռային համալիրներ, ռադիոհետախուզության «Ավտոբազա-Մ» համալիրներ, հրանետման ՏՕՍ-1Ա ծանր համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Վագր» զրահամեքենաներ, կապի եւ ինժեներական միջոցներ:
Այս ցանկը կարող է փոփոխվել ՌԴ ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եւ ՀՀ ՊՆ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ:
Հայկական կողմը վարկը կարող է օգտագործել յուրաքանչյուր պայմանագրով նախատեսված արտադրանքի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար, ռուսական ռուբլով: Կանխավճարը կկազմի յուրաքանչյուր պայմանագրով արժեքի առնվազն 10 տոկոսը եւ կիրականացվի ռուսական լիազորված կազմակերպությունների օգտին ռուսական ռուբլով: