Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը զգալիորեն փոփոխվել է: Այս հանգամանքն արձանագրում է թուրքական լրատվական գործակալություններից մեկը՝ անդրադառնալով Իվանովոյից եթեր հեռարձակվող «Россия 1 հեռուստաընկերությամբ ցուցադրված մի լրատվական հաղորդման:
Թուրքական աղբյուրի դիտարկման համաձայն՝ ռուսական հեռուստաընկերության եթերում գլխավոր լուրերի ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններին տրամադրվել է ամբողջ 7 րոպե եթերաժամանակ: Հաղորդման ընթացքում պատմվել է Ռուսաստանում Մեհմեթ Աքյոլի հիմնած նոր տեքստիլ գործարանի մասին, իսկ տեսանյութում ցուցադրվել է 2015թ. տարածաշրջան այցելած Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
«Կոնֆլիկտից դեպի բարեկամություն» խորագրի ներքո ներկայացվող հաղորդման մեջ տեղ են գտել նաև հարցազրույցներ տարածաշրջանւմ գործունեություն ծավալող թուրք գործարարների հետ:
«Ռուսաստանը և Թուրքիան կոնֆլիկտից անցում են կատարում դեպի երկխոսություն: Օգոստոսի վերջին վերսկսվեցին չարտերային չվերթները: Ռուս զբոսաշրջիկները սկսեցին այցելել Թուրքիա: Զբոսաշրջությունը ռուս-թուրքական հարաբերությունների միայն մեկ ոլորտն է: Շուրջ մեկամյա դադարից հետո կողմերը պետք է նոր տնտեսական կապեր ստեղծեն: Դա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին», — ասել է «Россия 1» հեռուստաալիքի հաղորդավարը:
Հիշեցնենք, որ ռուս -թուրքական հարաբերությունները փակուղի էին մտել 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի՝ թուրքական օդուժի կողմից խոցումից հետո: Այս միջադեպի պատճառով Ռուսաստանը դադարեցրեց Թուրքիայի հետ ակտիվ գործունեությունը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչը լուրջ վնաս հասցրեց ոչ միայն թուրքական, այլև ռուսական կողմին՝ հաղորդում է Ermenihaber.am-ը: