Ռուսաստանն ու Թայլանդը բանակցություններ են սկսել Թայլանդ-Եվրասիական միություն ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ, ուրբաթ ռուս լրագրողներին հայտնել է ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Լիխաչովը, որը թագավորությունում է գտնվում աշխատանքային այցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտ ժամանակներս բանակցություններ կսկսենք Թայլանդ-Եվրասիական Միություն ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին», — լրագրողներին հայտնել է Լիխաչովը թայլանդցի գործընկերների հետ մի շարք բանակցություններից հետո: «Աշխատանքի սխեման մոտավորապես նույնը կլինի, որպիսին Վիետնամի հետ համանման համաձայնագրի կնքման ժամանակ էր», — հավելել է նա:
Լիխաչովը պարզաբանել է, որ դա նշանակում է Եվրասիական Միության շրջանակում Թայլանդի հետ ապրանքների առեւտրի կարգավորում, այնպիսի ոլորտների ներդաշնակեցում, ինչպիսիք են մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական նորմերը, իսկ երկկողմանի ձեւաչափում նաեւ պայմանավորվածությունները ծառայությունների առեւտրի ազատականացման, ներդրումների պաշտպանության, ընկերությունների ստեղծման կարգի, աշխատուժի շարժման եւ այլնի մասին:
«Դա ազատ առեւտրի խորը եւ բազմաշերտ գոտի է: Այն, բնականաբար, Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ համաձայնեցում է պահանջում: Մենք կստանձնենք այդ գաղափարը քարոզելու պատասխանատվությունը եւ կաջակցենք թայլանդական կողմին արդեն վերջնական որոշումների ընդունման համար», — ասել է Լիխաչովը:
ՌԴ Էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ համաշխարհային ճգնաժամային երեւույթների ֆոնին երկու երկրի արտաքին առեւտրի ծավալների նվազման պայմաններում միայն բիզնես-համագործակցության այնպիսի նոր մակարդակը, որը կարող է ապահովել ազատ առեւտրի գոտին, ի վիճակի է առեւտրային ցուցանիշների բովանդակային աճ առաջացնել: