Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։
Արդյոք Ռուսաստանը առեւտրային պատերազմ է հայտարարել Հայաստանին, եւ կամ ու՞ր մնացին իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե ԵԱՏՄ-ն մեծ շուկա է բացելու ՀՀ գյուղատնտեսների առաջ: Արդյո՞ք այս սահմանափակումները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները ջերմացել են: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետի հետ: «Ապրանքային պատերազմները Ռուսաստանի համար նորույթ չեն, որպես զենք օգտագործելու հետխորհրդային որեւէ հանրապետությունում, եւ նպատակ հետապնդելով ազդել նրա արտաքին քաղաքական այս կամ այն շարժերի վրա: Մենք հիշում ենք առաջինը գինիների պատերազմը, մենք հիշում ենք Ուկրաինայի հետ տարատեսակ պատերազմները՝ ավտոմոբիլային, շոկոլադային, գազային եւ այլն, ինչպես նաեւ Բելառուսի հետ կաթնամթերքային պատերազմը: Այն լուրջ արգելքները, որոնք տարբեր ժամանակներ Ռուսաստանը դրել է հիշատակված երկրների արտադրատեսակների ներմուծման համար, բացառապես եղել է քաղաքական մոտիվիացիաներով, հիմքերից զուրկ»,- ասաց Ս.Սաֆարյանը: Նրա խոսքով՝ այս ամենը միանգամայն կապ է ունեցել տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքական խնդիրների, նրանց մերժողական գնահատականի հետ:
«Հայաստանի հանդեպ ապրանքային պատերազմներ թերեւս չեն կիրառվել Ռուսաստանի կողմից, բայց արձանագրվել են այնպիսի իրավիճակներ, ինչպիսին է օրինակ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ էլեկտրաէներգիայի գինը թանկացնելու հայտը, հետագայում արդեն բարձրացումն էր:Այժմ էլ, երբ հայտարարվել է Հայաստան- Եվրոպա բանակցությունների մեկնարկի մասին, եւ օրերս էլ ԱԳ նախարարը նման հայտարարություն արեց, ըստ էության նկատում ենք այս նախազգուշական քայլը, որն ակնարկում է՝ Երեւանի քայլերն իրեն դուր չեն գալիս:
Ինչ վերաբերում է իշխանությունների այն վստահեցումներին, թե ԵԱՏՄ-ն լուրջ շուկա է բացելու հայ գյուղատնտեսների առաջ, ապա Սաֆարյանը նշեց, թե իր եւ շատ այլ փորձագետների կարծիքը վաղուց է եղել: ԵԱՏՄ-ն խաբկանք է: «Ոչ տնտեսական, ոչ ենթակառուցվածքային, ոչ էլ քաղաքական գործոնները բավարար չեն եղել խոսելու լուրջ կառուցվածքային շուկաներ հայկական ապրանքների առումով: Ժամանակն սպացուցեց այս ամենը»,- ասաց Սաֆարյանը: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ԵՏՄ-ի հետ Հայաստանը սահմաններ չունի, բայց այդ կառույցի երկրների տնտեսությունները մենաշնորհված են: Սաֆարյանի խոսքով՝ ԵՏՄ-ում երբեք էլ պայծառ ապագա չի եղել:
Նշենք, որ ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի ներմուծումը, ինչպես նաև կաթից ստացված մթերքների, կաթնամթերքի ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։