2015-ին Թուրքիան հերթական ժխտողական բանաձևով հանդես կգաˋ խոսելով Ցեղասպանությունից, բայց իրականում չխոսելով դրա մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«2015-ին բավականին խնդրահարույց և հետաքրքիր տարի է սպասվում նաև Էրդողանի համար, որովհետև սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Սրանք շատ էական են, քանի որ Թուրքիայի նախագահական ամբիցիաների համար էլ կարևոր է ունենալ խորհրդարանում ծանրակշիռ ձայներ: Շարունակվելու է նաև Գյուլեր -էրդողան հակամարտությունը»,-ասաց Շաքարյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի համար մեծ ցանկություն է, որպեսզի ԵՄ-ն վերադառնա 1987-ի այն մակարդակին, երբ Ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց:
«ԵՄ ճանապարհը բավականին խնդրահարույց է, բայց ինչպես գիտենք, Եվրամիության բանակցություններում Հայոց Ցեղասպանության ճանաչման, սահմանի բացման խնդիրները երկրորդական ընդունվեց: Եվրամիություն ձեռքը չկա այդքան ճնշման լծակներ Թուրքիայի ուղղությամբ: Թուրքիան կարող է ավելի շատ ճնշվել ԱՄՆ-ից: Բայց մյուս կողմից Թուրքիան էական է ԱՄՆ-ի համար Իրաքում, իսլամական պետության ֆոնի ներքո»,-ասաց Շաքարյանը:
Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ պետք է մոռանալ նաև, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լավ են:
«Պատմության տեսանկյունից եթե նայենք, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցումը հայկական շահերին դեմ է: Պատմական անցյալում նման զարգացում եղել է: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն տարաձայնություններ, թե Սիրիայի հարցում, թե ռազմաքաղաքական դաշինքների առումով տարբեր բևեռներում են: Բայց տնտեսության դեպքում թուրքերն ու ռուսները բոլոր հարցերը մի կողմ են դնում և զարգացնում տնտեսական կապերը»,-ասաց Պետրոսյանը: