տուն Լուրեր Ռուսաստան․ անվստահելի, թե՞ անկարող դաշնակից

Ռուսաստան․ անվստահելի, թե՞ անկարող դաշնակից

229
0

rus

Արդեն երկու օր է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթանում են լայնամասշտաբ պատերազմական գործողություններ՝ ծանր տեխնիկայի և հրետանու կիրառմամբ։ Այս ընթացքում միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները հանդես եկան ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցային գործընթացին վերադառնալու կոչերով։ Երկու կողմերին ուղղված զսպավածության կոչով հանդես եկավ նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ նախագահ Պուտինի և արտաքին գերատեսչության հաղորդագրությունների միջոցով։ Թե ինչ արդյունք ունեն կայունության վերականգնման և ռազմական գործողությունների դադարեցման կոչերը՝ տեսնում ենք շարունակվող մարտերի տեսքով, առավել հետաքրքիր էր ռազմավարական դաշնակցի կողմից հակամարտության երկու կողմերին ուղղված զսպվածության կոչը։

Եթե անգամ մի կողմ թողնենք այն փաստը, որ ՌԴ-ն ռազմավարական դաշնակից է, ՀԱՊԿ անդամ և, այսպես ասած, «եղբայրական պետություն», ապա, այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է գերտերության հավակնություններ ունեցող պետությունը հանդես գալ բացարձակ ոչինչ չասող մի հայտարարությամբ, որում անգամ բովանդակություն, որպես այդպիսին, չկա։ Ընդ որում հետաքրքիր է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլ Բյուլ Օղլին ուղիղ տեքստով հայտարարում է, որ այո, Ադրբեջանը նախահարձակ է եղել և շարունակելու է նախահարձակ լինել։

Հետաքրքրական է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ակտիվ կերպով հայտ է ներկայացնում միջնորդական առաքելություն իրականացնել հակամարտող կողմերի միջև։ Ինչ խոսք, ներկայիս իրավիճակը իր իրական լուծումը գտնում է ոչ թե տարբեր քննարկումների մեջ, այլ ուղղակի ռազմաճակատում, սակայն դիվանագիտության տեսանկյունից՝ ընթացող գործընթացները լույս են սփռում մի շարք փաստերի վրա։

Նման պայմաններում նախևառաջ երևում են հայ-ռուսական իրական հարաբերությունները։

Հաջորդը՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հավակնել գերտերության, եթե իր ազդեցության գոտում կամ այսպես ասած իր «քթի տակ» ստեղծվում է պատերազմական օջախ, որի կապակցությամբ միակ գործողությունը ինչ-որ չեզոք և ոչինչ չասող հայտարարություն է։ Իհարկե, ՌԴ անգործունակությունը ունի նաև մեկ այլ բացատրություն՝ Ռուսաստանը խորապես շահագրգռված է տարածաշրջանում իրավիճակի սրացմամբ իր վաղեմի երազանքի՝ հակամարտության շրջանում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորության համար։ Սակայն այդ հնարավորությունը, պետք է նշել, որ ներկա իրավիճակում չկա և ապագայում էլ չի նկատվում։

Միաժամանակ հստակորեն երևաց, որ Ռուսաստանը ոչ միայն ռազմավարական, այլև ընդհանրապես վստահելի դաշնակից չէ և թերևս չի էլ եղել։ Սա, ի դեպ, չի նշանակում, թե մեկ այլ պետություն ավելի լավ դաշնակից է, քան Ռուսաստանը, քանի որ պատերազմում գտնվող պետության լավագույն դաշնակիցը նրա զինված ուժերն են, իսկ խաղաղության դեպքում՝ հզոր տնտեսությունն ու լեգիտիմ իշխանությունը։ Այս ամենից զատ մնացյալը դատարկ ռոմանտիկա է։

Ինչ վերաբերում է մնացյալ միջազգային կազմակերպություններին և մասնավորապես Մինսկի խմբին, ապա պետք է փաստենք, որ նշված կազմակերպությունները, բացի նրանից, որ ունակ չեն առկա իրավիճակում ռեալ քայլեր կատարելու, միաժամանակ նաև կորցրեցին իրենց առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող վարկանիշի վերջին մնացորդները։