Ռուսաստանի տնտեսության մեջ եւ ֆինանսական ոլորտում ընթացող դրսեւորումները սկսել են աստիճանաբար ավելի են մեծ ազդեցություն թողնել Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների հոսքերի վրա։ Երրորդ ամիսն անընդմեջ ռուսական շուկայից ուղարկվող գումարները նվազում են։ Այդ երեւույթը նկատվեց հունիսին, այնուհետեւ գնալով խորացավ։
Համաձայն Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տվյալների, օգոստոսին բանկային համակարգով Հայաստան փոխանցված գումարները զիջում են նախորդ տարվա նույն ամսվա մակարդակը։ Ընդհանուր առմամբ մուտք է եղել 184,7 մլն դոլար, ինչը 12,3 միլիոնով պակաս է 2013թ. նույն ամսվա ցուցանիշից։
Կրճատվել են հիմնականում ռուսական շուկայից ուղարկվող գումարները։ Տարբերությունը հասնում է 13,5 մլն դոլարի։ Եթե անցած տարվա օգոստոսին Ռուսաստանից կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումները գերազանցում էին 175,1 մլն դոլարը, ապա այս տարի կազմել են 161,6 միլիոն։ Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները միայն օգոստոսին կրճատվել են 7,7 տոկոսով։
Տրանսֆերտների տեսքով ռուսական կապիտալի հոսքերի նվազում սկսեց նկատվել դեռեւս հունիսից։ Սակայն, այն ժամանակ անկումն անհամեմատ ավելի փոքր էր՝ 6,4 մլն դոլար։ Արդեն հուլիսին մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պակասեցին 11,9 միլիոնով։ Օգոստոսին եւս բացասական տարբերությունը շարունակեց խորանալ։ Արդունքում վերջին երեք ամիսներին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ռուսական շուկայից Հայաստան կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումների նվազումը հասավ գրեթե 32 մլն դոլարի։
Ռուսական տրանֆերտները կրճատվել են նաեւ տարեսկզբի ութ ամիսների կտրվածքով։ Դրանք կազմել են 958 միլիոն՝ նվազելով 14 մլն դոլարով։ Անկումը առայժմ շատ մեծ չէ, այնուհանդերձ առկա է։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ութ ամսում ռուսական տրանսֆերտները 1,4 տոկոսով պակաս են եղել 2014թ. համեմատ։
Վերջին ամիսներին Ռուսաստանից ուղարկվող գումարների կրճատումը պայմանավորված է ինչպես այս երկրի տնտեսական իրավիճակով, այնպես էլ արժութային շուկայի զարգացումներով։ Էապես նվազել է ՌԴ տնտեսական աճի պոտենցիալը։ Ցնցումների մեջ է հայտնվել ազգային արժույթը։
Թեեւ ռուսական ռուբլին արժեզրկվում է դեռեւս տարեսկզբից, այնուհանդերձ այդ երեւույթը վերջին շրջանում խորացման միտում ունի։ Ռուսական շուկայում դոլարի գինն ընդհուպ մոտեցել է 40 ռուբլու։ Մի բան, ինչը բացասաբար է ազդում Հայաստան մտնող տրանսֆերտների հոսքերի վրա։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ