տուն Լուրեր Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել, որ Պերմյակովին արգելվում է զենք կրել

Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել, որ Պերմյակովին արգելվում է զենք կրել

81
0

arm145649632395

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում քաղաքացիական հայց է ներկայացվել:

«Երեկ մեր կողմից ներկայացվեց քաղաքացիական հայց՝ ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված: Ընդհանուր պահանջը, որը ներկայացրել ենք, կազմում է 450 հազար եվրոյին համարժեք դրամ: Այն ներկայացված է Ռուսաստանի Դաշնության դեմ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները, որոնք կարող էր իրականացնել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ համաձայն Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, կյանքի իրավունքների հետ կապված՝ պետության վրա դնում է պարտավորություն, որը պետությունը պարտավորվում է կատարել, իսկ տվյալ դեպքում, մենք գտնում ենք, որ այն չի կատարել»,-անդրադառնալով Ռուսաստանին ներկայացված քաղաքացիական հայցին, Araratnews.am-ի հետ զրույցում նշեց դատական գործընթացի մասնակից փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Խոսքը նաև վերաբերում է նրան, որ ռուսական կողմը տեղեկացված լինելով առկա խնդիրների, մասնավորապես՝ դեռևս Ռուսաստանում Պերմյակովի՝ մոտավորապես տասը, դասալքությունների մասին, այդ թվում նաև տեղեկացված լինելով, որ վերջինս անցել է համապատասխան բուժզննում, և տվյալ դեպքում հետազոտողների կողմից տրվել է եզրակացություն, համապատասխան որի՝ Պերմյակովը, եթե ծառայության անցներ, իրավունք չուներ զենք կրելու, նաև հետագայում պետք է լրացուցիչ հետազոտություն անցներ, նրան ուղարկել է ՀՀ ռուսական ռազմաբազա և ամրակցել զենք»,-  հավելեց փաստաբանը:

Ըստ Արամազդ Կիվիրյանի՝ Ռուսաստանը նաև խախտել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված  համաձայնագիրը,  համաձայն որի՝ վերջինս պարտավորվում էր տեղեկացնել իր զինվորի մասին վերը նշվածը. «Իրենց այդ գործողություններն ու նաև անգործությունը հանգեցրել է այն հետևանքին, որ տվյալ դեպքում Պերմյակովը կատարել է այդ գործողությունները: Եթե պետությունը ժամանակին համապատասխան միջոցառումներ ձեռնարկեր, աչալուրջ լիներ այդ հարցերում, այս խնդիրները չէին առաջանա»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հիմա ներկայացվեց քաղաքացիական հայցը՝ փաստաբանը նշեց.«Խնդիրը նրանումն է, որ քրեական գործով հիմնական բոլոր գործողություններն ավարտվել են, իսկ քաղաքացիական հայց կարող է ներկայացվել մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, դրա համար ներկայացվեց այս պահին: Իսկ որքանով դա կօգնի գործին, պետք է ասեմ, որ այստեղ օգուտ տալ-չտալու հարց չկա: Ըստ էության՝ քաղաքացիական հայցն առանձին պահանջ է, որը որ ներկայացվում է»:

Փաստաբանի հավաստմամբ՝ հայցը ռուսական կողմին կհանձնվի, երբ դատարանը թարգմանի և ուղարկի այն.«Հույս ունեմ, որ մինչև ամսի 30-ը դատավարության օրը այն արդեն հանձնված կլինի և  մենք, ըստ այդմ, կտեսնենք, թե հարցի վերաբերյալ ՌԴ-ն ինչ դիրքորոշում ունի»: