Ամերիկյան CBS հեռուստաալիքը սկանդալային բացահայտումներ է արել 2014թ.-ի Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում ռուս մարզիկների կողմից խթանիչի օգտագործման մասին, հայտնում է BBC-ն:
60 րոպեանոց հաղորդումը եթեր դուրս կգա կիրակի օրը: Ամերիկյան հեռուստաալիքը զրուցել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին աշխատակից Վիտալի Ստեպանովի հետ: Նա տեղեկացրել է, որ առնվազն չորս ռուս մարզիկ, ովքեր Սոչիի Օլիմպիադայում ոսկե մեդալ են գրավել, օգտագործել է արգելված ստերոիդներ:
Այդ տեղեկությունը Ստեպանովին հայտնել է Մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը, ով պնդել է, թե ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցներն օգնել են մարզիկներին թաքցնել օլիմպիական խաղերի ժամանակ դոպինգի օգտագործման փաստը:
Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկել է հակադոպինգային գործակալության աշխատակիցների բոլոր քայլերը: