Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային հունիսի 12-ին նկատել են Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Այցը տեղի էր ունեցել Ռումինիայի նախագահի կողմից վարչապետի հրաժարականի պահանջից եւ խորհրդարանում կառավարությանը անվստահություն հայտնելու չհաջողված փորձից անմիջապես հետո: Այցի վերաբերյալ նախնական պաշտոնական տեղեկություն չէր տարածվել:
Պոնտայի գաղտնի եւ չհամաձայնեցված այցը հարուցել է երկրի բարձրագույն ղեկավարության զայրույթը: Այցի վերաբերյալ հեռուստաեթերով մեկնաբանություններ է արել Ռումինիայի Նախագահի աշխատակազմի ղեկավար Դան Միհալակեն (Dan Mihalache)՝ նշելով, որ իր կարծիքով՝ «արտաքին քաղաքական սխալ է Ռումինիայի վարչապետի ներկայությունը Բաքվում, երբ արեւմտյան երկրների առաջնորդները բոյկոտել են միջոցառումը` մեղադրելով Ադրբեջանի Նախագահին մարդու իրավունքների խախտումների մեջ»: Միհալակեն նշել է նաեւ, որ Պոնտան տեղյակ չի պահել նախագահին, եւ այցի մասին տեղեկացել են «այլ աղբյուրներից»: Սա Ռումինիայի վարչապետի եւ Նախագահի չհամաձայեցված արտաքին քաղաքականության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ, այն բանից հետո, երբ Նախագահ Յոհաննիսը քննադատել էր Պոնտային Պարսից ծոցի երկրներ կատարած չհամաձայնեցված այցի համար, կողմերը պայմանավորվել էին չկատարել արտաքին քաղաքական չհամաձայնեցված քայլեր:
Պոնտայի Բաքու կատարած անակնկալ այցն արժանացել է նաեւ երկրի հասարակական-քաղաքական շրջանակների լայն քննադատությանը: Այսպես, նախագահ Յոհաննիսի քաղաքական հենարան, ընդդիմադիր Ազգային լիբերալ կուսակցության (PNL) համանախագահ Ալինա Գորգիուն (Alina Gorghiu) նշել է, որ վարչապետը «բոյկոտել է ԵՄ առաջնորդների՝ Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու բոյկոտը»: PNL-ի հրապարակած մեկ այլ հաղորդագրությունում նշվում է, որ «PNL-ն ուշադրություն է հրավիրում Պոնտայի նախընտրություններին` լինել որոշ ոչ միանշանակ, հակաժողովրդավարական գործունեություն ծավալող առաջնորդների կողքին»:
Իր հերթին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ, եվրոպառլամենտական Քրիստիան Պրեդան (Cristian Preda) հայտնել է, որ «Մեծ Բրիտանիան մասնակցել է պետքարտուղարի օգնականի մակարդակով, իսկ Ռումինիան` վարչապետի, այն դեպքում, երբ եվրոպական առաջնորդները պայմանավորվել էին չմասնակցել Եվրոպական խաղերի բացման արարողությանը՝ հյուրընկալող երկրում մարդու իրավունքների վիճակի պատճառով»:
Adevarul-ը, Gandul-ը եւ շատ այլ լրատվամիջոցներ նույնպես իրենց մեկնաբանությունների ժամանակ բնորոշում էին Ադրբեջանի վարչակազմը որպես «դիկտատորական», «մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները չհարգող», «քաղաքական հակառակորդներին բանտարկող» ռեժիմ: Այսպես, մեջբերելով Amnesty international-ին՝ Adevarul-ը հայտնում է, որ «Ադրբեջանում գործում է զրո հան դուրժողականություն ընդդիմախոսների հանդեպ, իսկ կոռուպցիան ինստիտուցիոնալ մակարդակի վրա է: … Արդեն վերացրել են ամբողջ անկախ մամուլը եւ բոլոր ներքին քննադատներին եւ սկսել են ուշադրությունը կենտրոնացնել արտաքին քննադատների ուղղությամբ: Շատ լրատվամիջոցների մուտքը Ադրբեջան ուղղակի արգելվել է»:
Եվրոպական խորհրդարանի քաղաքական խորհրդական Հորիա Բլիդարուն (Horia Blidaru) Բաքվի Եվրոպական խաղերն անվանել է «Ռեպրեսիայի խաղեր», իսկ քաղաքական վերլուծաբան Քրիստիան Պըրվուլեսկուն (Cristian Pîrvulescu) Պոնտայի այցը Բաքու բնութագրել է որպես «լավագույն դեպքում՝ վրիպում, եթե ոչ աններելի ս խալ», քանի որ Պոնտայի ներկայությունն Էրդողանի կողքին, Թուրքիայի հետ ԵՄ ու Ամերիկայի ներկայիս հարաբերությունների պայմաններում, ամենեւին դրական ազդակ չէ արեւմտյան գործընկերներին: Մեկ այլ վերլուծաբան Ադի Զըբավան (Adi Zăbavă) ընդգծել է, որ սա ընդամենը քաղաքական վրիպակ չէր, սա կամ «չափազանց մեծ սխալ էր, կամ ուղերձ էր, որով Պոնտան ուզում էր ցույց տալ, որ նա արեւելյան ազգեցության տակ անցած եւ սատարող քաղաքական գործիչ է»:
Ըստ կառավարությում Adevarul-ի անանուն աղբյուրների՝ կառավարությունում Պոնտայի մերձավորները նույնպես զարմացած են՝ տեսնելով Պոնտային Բաքվում` նստած Պուտինի հետեւում, մանավանդ այն բանից հետո, երբ վարչապետը մինչ այդ խնդրել էր երիտասարդության եւ սպորտի նախարար Սաբոյին (Szabo) ռումինացի մարզիկներին իր անունից հաջողություն մաղթել: Զարմանալի էր նաեւ Պոնտայի բացակայությունը Բուդապեշտում հունիսի 12-13-ին տեղի ունեցած Եվրոպական Սոցիալիստական կուսակցության կոնգրեսին (ըստ լուրերի, Պոնտան այս օրերին գտնվում է Թուրքիայում՝ ծնկի վիրահատության համար):
Ինչպես հաղորդում է Gandul.info կայքը, Պոնտայի հեղինակությանը հարվածել եւ, ըստ էության, նրա ներկայությունն անտեսել են նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները, երբ երկկողմ հանդիպմանն Էրդողանը ասել է, որ «սրանք կոչվում են Եվրոպական խաղեր, սակայն ԵՄ երկրների առաջնորդներից ոչ ոք չկա», իսկ Պուտինը ժպտալով պատասխանել էր, որ «Թուրքիան, որպես ԵՄ անդամակցության թեկնածու, ներկայացնում է ողջ ԵՄ-ն»: Կայքը հիշեցրել է նաեւ Պոնտայի Թուրքիա կատար ած գաղտնի այցը Հայոց ցեղասպանության հիշատակի հարյուրամյա տարելիցի նախօրեին, ինչպես նաեւ Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը Պուտինի եւ Յանուկովիչի հետ Պոնտայի լուսանկարը: