Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը Trubina.com-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մինո Ռայոլան իր ձեռքից տարել է Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, փոխանցում է Armfootball.com-ը:
— Ժամանակին ես համոզեցի Օլեգ Մկրտչյանին` Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատիրոջը, արագորեն ձեռք բերել Մխիթարյանին, քանի որ Հենրիխն արդեն առաջարկ ուներ շվեյցարական ակումբից: Նրանք ձեռք բերեցին Մխիթարյանին, իսկ հետո ես դասավորեցի նրա տրանսֆերը «Շախտյոր»: Ֆուտբոլիստի իրավունքները կես-կես էինք տնօրինում` 50 տոկոս ակումբը, 50 տոկոս` ակումբի ներկայացուցիչները: Ես արդեն քննարկել էի «Լիվերպուլի» հետ տեղափոխությունը: Սակայն Մկրտչյանը որոշեց ամբողջ գումարն իրեն վերցնել ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջոցով սկսեց ճնշում գործադրել Հենրիխի վրա: Նույնիսկ Պլատինիի հետ ՈւԵՖԱ-ում աշխատող քրոջը խառնեցին գործի մեջ: Այդ ժամանակ էլ հայտնվեց Ռայոլան: Մկրտչյանը ստիպեց Հենրիխին պայմանագիր կնքել Ռայոլայի հետ, ի վերջո, այդ 50 տոկոսը` 13,5 միլիոն նրան գնացին:
Իմիջիայլոց, Մխիթարյանը հիանալի, դաստիարակված տղա է: Նրա բախտը ուղղակի չբերեց, որ նման իրավիճակում հայտնվեց: Արդեն «Բորուսսիա» տեղափոխվելուց հետո նաինձ հաղորդագրություն ուղարկեց, որտեղ ներողություն էր խնդրում: Ու մինչ օրս կախում է հայացքը ինձ տեսնելից,- նշել է Սելյուկը: