Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան:
Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ եւ քննարկել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարեւորվել է դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի ձեռքբերման եւ հնարավորինս արագ պատվաստումներն իրականացնելու հարցը՝ հարեւան երկրներում տարածված վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: Բանակցություններն այս ուղղությամբ արդեն ավարտվել են, մրցույթն ամփոփվել է, եւ նոր պատվաստանյութը մինչեւ մարտ ամսվա վերջ կբերվի հանրապետություն: Նիկոլայ Վլասովը վերահաստատել է, որ ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է, որը կիրառվում է միջազգային չափանիշներին համահունչ՝ Կենդաների առողջության համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, եւ որ այն չի սահմանափակում վերամշակված մսամթերքի եւ կաթնամթերքի արտահանումը ՌԴ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ուղղությունները, արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, կողմերը նախանշել են համատեղ ծրագրերի ոլորտները:
Դաշնային ծառայության ներկայացուցիչներն ացելել են նաեւ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ: ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ստորագրված տեխնիկական եւ ֆինանսական աջակցության համաձայնագրով գիտական այս կենտրոնի վերանորոգմանն ու վերազինմանը կուղղվի 5.8 մլն դոլար: ՌԴ անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության մասնագետներն այցի շրջանակներում գնահատեցին ՊՈԱԿ-ի տեխնիկական հնարավորությունները, որի արդյունքում էլ կկազմվի հետագա աշխատանքային ծրագիրը: Ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ծրագիրը կավարտվի 2017 թվականի վերջին: