Ռոսկոմնադզորը կապի օպերատորներին հանձնարարել է արգելափակել ռուսագիր «Վիկիպեդիայի» «Չարաս» վերնագրված հոդվածը, որում տեղեկություններ կան թմրանյութերի պատրաստման եղանակների վերաբերյալ:
Երկու օր առաջ պահանջների ներկայացումից խուսափելու համար «Վիկիպեդիայի» ադմինիստրացիան որոշել էր փոխել հոդվածի վերնագիրն ու համացանցում նրա հասցեն: Բայց Ռոսկոմնադզորում որոշել են, որ այդ գործողությունները «չեն սահմանափակել դատարանի որոշմամբ արգելված ճանաչված այս տեղեկության հասանելիությունը օգտատերերի համար»:
Ինչպես հաղորդում է НТВ-ն, ռուսական «Վիկիպեդիան» կտրականապես հրաժարվել է հեռացնել այդ հոդվածը: Այժմ արգելափակման սպառնալիքի տակ է հայտնվել ոչ միայն «Չարաս» հոդվածով էջը, այլեւ ամբողջ ռեսուրսը: Հարցն այն է, որ «Վիկիպեդիան» աշխատում է շիֆրավորման https ընթացակարգով, իսկ դա թույլ չի տալիս, որ սահմանափակվի մուտքը առանձին էջերին. Արգելափակել հնարավոր է միայն ամբողջական էլեկտրոնային հանրագիտարանը: