Հայ-իսրայելական հարաբերություններին նոր դինամիկա կարող է հաղորդել Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության երևանյան այցը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։
Առաջիկայում Երևանում նախատեսված է Հայաստանի և Իսրայելի բարեկամության միջխորհրդարանական խմբի հանդիպումը` Տալի Պլոսկովի և Գագիկ Մինասյանի գլխավորությամբ։
«Հայ-իսրայելական հարաբերություններում ռոմանտիկայի փուլն ավարտվում է, կողմերը ժողովրդական դիվանագիտության մակարդակից պետք է անցնեն իրական նախագծերի», — ասաց Ցինկերը։
Երկկողմ կապերի խորացման համար մեծ աշխատանք են տարել ոչ քաղաքականացված հարթակի` «Հայաստան-Իսրայել» ֆորումի ներկայացուցիչները` իսրայելական կողմից Ալեքսանդր Ցինկերի և հայկական կողմից գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ։ Ֆորումի շրջանակում տարբեր միջոցառումներ են անցկացվել, իրականացվել են նախագծեր ժողովրդական դիվանագիտության մակարդակով։
Ցինկերը հիշեցրեց Երևանում 2018 թվականի մարտին տեղի ունեցած հանդիպման մասին, որի արդյունքում ֆորումի ներկայացուցիչները հասան նրան, որ Գալիլեայի ինստիտուտի նախագահ Ջոզեֆ Շևելն ու SPAYKA ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը երեք տարվա համագործակցության հուշագիր ստորագրեցին։
SPAYKA-ի մասնագետներն էլ պետք է Գալիլեայի ինստիտուտում վերապատրաստում անցնեին, բայց այդ նախագիծն այսօր կասեցված է։
«Ժողովրդական դիվանագիտությունն իր դերը խաղաց։ Թեև ֆորումը կշարունակի իր աշխատանքը նույն տեմպերով, բայց անհրաժեշտ է բիզնես-կառույցների մասնակցությամբ ավելի շատ նախագծեր ներգրավել», — ասաց Ցինկերը։
Նա ընդգծեց, որ դա որոշակի խթան կհաղորդի համագործակցությանը, որի դինամիկան փոքր-ինչ անկում է ապրել։
Հարաբերություններին մի փոքր խանգարել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Իսրայելի հետ հարաբերությունների հարցն առաջնային չէ Հայաստանի իշխանության համար, որը մի շարք խնդիրներ պետք է լուծի։
«Հայաստանը սեփական խնդիրների իր մեծ փունջ ունի, Իսրայելը` իր, և այդ պատճառով մենք երկու պետությունների միջև աշխուժացում չենք տեսնում։ Կարծում էի, որ հարաբերություններում աշխուժացում կնկատվի նոր դեսպանի նշանակումից հետո, բայց հավատարմագրերը հանձնելուց հետո նա ոչ մեկի հետ չի հանդիպել և ակտիվություն չի ցուցաբերել», — ասաց Ցինկերը` ավելացնելով, որ կան ոլորտներ, որտեղ երկրները կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել։
Հայաստանում տեղի ունեցած դեպքերին Իսրայելում այդքան էլ ուշիուշով չեն հետևել, սակայն «թավշյա հեղափոխության» խաղաղ բնույթն աննկատ չի մնացել։
«Իսրայելը դեռ սպասման մեջ է, քանի որ հասկանալի չէ, թե ինչ ուղղություն կընտրեն Հայաստանի գործող իշխանությունները, ինչ խնդիրներ են դնում իրենց առջև, արդյոք կշարունակվի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը», — ասաց Ցինկերը։
Շարունակույթունը՝ սկզբնաղբյուր կայքում