Թվում էր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում երաժշտական կրթությամբ հետաքրքրվող պատանիներին պետք է ճրագով փնտրեինք։ Բայց Ռոմանոս Մելիքյանի անվ․ պետական երաժշտական քոլեջի այս տարվա ընդունելության քննությունները կոտրեցին այդ կարծիքը։ Այդպիսի պատանիներ կան, ու նրանք շատ են։ 15-ամյա աղջիկներն ու տղաներն այստեղ մրցեցին երգիչ ու երաժիշտ դառնալու համար և հաճելիորեն զարմացրել անգամ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին։
Ռուբեն Մաթևոսյանն այս տարի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի հրավերով քննական հանձնաժողովի կազմում անցկացրել է երգեցողության բաժնի ընդունելության քննությունները։
Տնօրինության առաջարկին ընդառաջել է սիրով, որովհետև մոտ 30 տարի ինքն էլ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ․ «Այս հաստատությունը ունեցել է փառահեղ անցյալ, և կուզեի, որ ունենար նույնքան փառահեղ ներկա: Ժամանակին այստեղ շատ խիստ է եղել ընդունելությունը, ու նույն խստությամբ էլ հիմա մենք ենք անցկացրինք: Ինձ համար չկա բարեկամ, ընկեր, ծանոթ, ինձ համար կա տաղանդ ու շնորհք։ Իհարկե, գնահատում ենք ձայնային տվյալները, բնատուր տաղանդը, ռիթմի զգացողությունը, երգչական շնորհը։ Մյուս կողմից էլ չենք մոռանում, որ մեր դիմաց ոչ թե երգիչ է, այլ մեկը, ով ցանկանում է սովորել երգել։ Գորովանքով ու սիրով պիտի հայտնեմ, ուր այս քննությունն ինձ ապշեցրեց, իսկապես տաղանդավոր երեխաներ կային, որ մեզ երջանկություն պարգևեցին: Խոսքս առավելապես վերաբերում է դասական երգեցողության բաժին դիմած երեխաներին։ Ուրախանում ենք, որ նոր սերնդի մեջ կա շատ շնորհալի ներուժ, որը հետագայում սովորելուց հետո կարող է օգտակար լինել թե՛ ժողովրդական, թե ՛ դասական, թե՛ էստրադային ոճերում»,-ասաց հայ երգի վարպետը։
Դատելով քննությունը հանձնած երեխաների ու ծնողների արձագանքներից՝ ընթացքից գոհ էին բոլորը։ Հատկապես ոգևորված էին երեխաները, ովքեր հաճելի անակնկալի էին եկել հանձնաժողովի կազմում տեսնելով Ռուբեն Մաթևոսյանին, կամ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանին։
Գևորգ Հակոբյանը ևս չնայած զբաղվածությանը, սիրով է համաձայնել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու առաջարկին. «Առաջին անգամ եմ Հայաստանում հանձնաժողովի կազմում հանդես գալիս։ Առաջարկը ընդունեցի սիրով, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպիսի՞ սերունդ է բարձրանում ներքևից։ Եվ, իրոք, դասական բաժին ընդունվող երեխաների մակարդակը բավականին բարձր էր, ինչը մեր բոլորի սպասելիքները գերազանցեց։ Հուսանք, որ նրանցից շատերը այդ ուժը կունենան իրենց մեջ աշխատելու, շարունակելու և նրանց կտեսնենք նաև կոնսերվատորիայում:
Դիմորդներին, հավանաբար ոգևորում է հայ հայտնի օպերային երգիչների համաշխարհային ճանաչումն ու փառքը, նրանք տեսնում են, որ լինելով հայ, սովորելով այստեղ՝ հնարավոր է դուրս գալ համաշխարհային բեմահարթակ: Ուրախալի է, որ այդքան շատ երեխաներ հետաքրքրված են երաժշտությամբ այսօր, երբ ամբողջ աշխարհը գնում է դեպի ՏՏ ոլորտ»:
«Նման մեծության երգիչների կողմից քննվելը ինչ-որ տեղ վերածվում է նաև յուրօրինակ վարպետաց դասի.երեխաները այդ ընթացքում շատ օգտակար մասնագիտական խորհուրդներ են լսում նրանցից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը՝ քննությունների անցկացման նման կարգը համարելով առավել ճիշտ, պրոֆեսիոնալ և արդար։
Երգեցողության հանձնաժողովի կազմի մյուս անդամը՝ Սաթենիկ Սարգսյանը, երկար տարիներ է աշխատում է Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում։ Նա առաջին անգամ է աշխատում հրավիրված հանձնաժողովում, և գովելի է համարում այսօրինակ կարգը, որովհետև այն արդար ու անաչառ է դարձնում ընդունելությունը։ Նա նաև արձանագրում է, որ անցյալ տարիներին դիմումների նման քանակ, այն էլ դասական վոկալի բաժին, երբեք չեն ունեցել.այդ հոսքը պայմանավորված է ծնողների ու երեխաների՝ արդարության հանդեպ հավատով, որ եթե արժանի են կընդունվեն:
Դիմումները նախորդ տարիների ցուցանիշներին գերազանցում են նաև մյուս բոլոր բաժիններում, անգամ այն բաժիններում, օրինակ՝ երգչախմբավարություն կամ երաժշտության տեսություն, որտեղ դիմումներ ընդհանրապես չէին լինում, այս տարի դիմողներ են եղել։ Քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը նշեց. «Ճիշտն ասած, մենք էլ չէին սպասում նման հոսքի: Գուցե նրանից է, որ մարդիկ վստահում են։ Վերջին մոտ տասը տարում քոլեջում չեն եղել թավջութակի, ալտի դասարաններ, այսօր ունենք 2 դիմորդ թավջութակահար (ի դեպ թավջութակի դիմորդը 51 տարեկան է, սա իհարկե, մեծ քայլ է նրա կողմից, այդ տարիքում երաժշտության ասպարեզ վերադառնալու քաջություն ո՞վ կունենա), 1 ալտիստ: Նախորդ տարիների համեմատ մեծ թվով դիմորդներ ունենք փողային բաժնում՝ 20 դիմող 12 տեղի համար՝ աննախադեպ երևույթ վերջին տարիների համար։ Եթե հնարավորություն լիներ, բոլորին ընդունել, պատրաստի փողային նվագախումբ կունենայինք։ Կուզենայի, որ լարային բաժինը մյուս տարի ավելի ակտիվանար»։
Քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի խոսքով՝ սահմանափակ տեղերի պատճառով դուրս են մնացել նաև տաղանդավոր դիմորդներ,որոնց ծնողները բնականաբար դժգոհ են մնացել, գուցե և ինչ-ինչ պատճառներով հիասթափվել:
Նա հույս ունի, որ հաջորդ տարի նախարարությունն ավելի շատ տեղեր կհատկացնի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջին:
«Ես սիրով բոլոր ծնողներին, ովքեր դժգոհ են մնացել, ընդունել եմ, անձամբ եմ զրուցել նրանց հետ և բացատրել, թե ինչն է պատճառը,որ նրանց երեխաները դուրս են մնացել մրցակցությունից»,-ասաց Վ. Խաչումյանը:
Տնօրենը նաև շեշտեց, որ ընդունելության քննությունների ողջ ընթացքը տեսանկարահանվել է, ինչը ևս կարող է փաստել, որ քննություններն անցել են թափանցիկ:
Քչերը գիտեն, որ Ռոմանոս Մելիքյանի անվ․ քոլեջը միջին մասնագիտական ուղղվածություն ունի և այստեղի շրջանավարտները կարող են զբաղվել մանկավարժական գործունեությամբ, ընդգրկվել ՀՀ պետական նվագախմբերում և երգչախմբերում։