ՀՅԴ-ն ակնկալում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ազատ, արդար, թափանցիկ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նշեց` իրենց կուսակցությունն ամեն ինչ կանի դրա համար, «Հանրաքվեի մասին» օրենքն էլ հնարավորություն տալիս է:
«Մենք կողմնակից ենք , որ «ոչ»-ի ճանբարի հետ հավասար քարոզարշավ լինի»,- ասաց Աղան Վարդանյանը:
Վարդանյանը խոսեց իրենց կատարած եւ առաջիկայում սպասվող գործողություններից` տեղեկացնելով, որ ՀՅԴ-ն տարբեր մարզերում հանդիպումներ է ունենում. «Մենք մեր ներքին աշխատանքներն ենք արել, հավաքներ ենք անցկացրել, մնացել է Սյունիքը»:
Աղվան Վարդանյանն ասաց նաեւ` ՀՅԴ-ն իր քարոզչությունն է անելու եւ չի միանալու «այո»-ի ճամբարներից ոչ մեկին, հիմնավորեց. «Մենք չենք ծրագրում այլ ուժերի միանալ, որովհետև մենք մե՛ր համոզմունքներն ունենք, եւ առաջ ենք տանելու մե՛ր համոզմունքները: Մեր «այո»-ի հիմնավորումները տարբերվում են մնացած բոլոր «այո»-ների հիմնավորումներից»:
Աղվան Վարդանյանին լրագրողներից մեկը հարցրեց` «ոչ»-ի ո՞ր խմբում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. չէ՞ որ ինքը «ոչ» ասողներին բաժանել է երեք խմբի` առաջին խումբը կարդացել եւ չի հասկացել, երկրորդ խումբը չի էլ կարդացել, երրորդ խումբը կարդացել, հասկացել է, բայց «ոչ» է ասում սեփական շահերից ելնելով, ասաց. «Քոչարյանը ոչ մի խմբի մեջ չի մտնում»: