Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Մաքսային համագործակցության խորհրդի 125-րդ և 126-րդ նստաշրջաններին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացած նիստին Հայաստանը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանը:
Միջոցառմանը քննարկվել և հաստատվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության կոմիտեների, ենթակոմիտեների և հանձնաժողովների նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները: Անդրադարձ է կատարվել ապրանքների և տրանսպորտային միջոցների ծագման հավաստման կանոնների վերաբերյալ խնդիրների, ներկայացվել են մաքսային արժեքի և ներդաշնակ համակարգի մասով ներկա իրավիճակը և հետագա անելիքները:
Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպումներ է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղարի, ինչպես նաև մաքսային ծառայությունների մի շարք պատվիրակությունների հետ. քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նստաշրջանների ընթացքում ընտրվել են ՀՄԿ խորհրդի երեք տնօրինությունների ղեկավարներ, հաստատվել են ՀՄԿ քաղաքականության, ֆինանսական և աուդիտի կոմիտեների անդամները բոլոր տարածաշրջաններից: Խորհրդի հաջորդ նստաշրջանները կանցկացվեն 2016 թվականի հուլիսին՝ դարձյալ Բրյուսելում: