տուն Լուրեր ՌՀՄ հայտարարությունը՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ

ՌՀՄ հայտարարությունը՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ

119
0

12938222_1020193981349543_4276581337283348208_n

Ռուսաստանի հայերի միությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝

«Ռուսաստանի հայերի միությունը ծայրահեղ մտահոգություն է հայտնում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների կապակցությամբ, թե Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին։

Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալված ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Ադրբեջանական ագրեսիայի լայնամասշտաբ դատապարտումը միջազգային հանրության կողմից, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, և հատկապես, Ռուսաստանի միջամտությունը ագրեսորին ապրիլի 5-ին պարտադրեցին հաշտեցման գնալ: Այդ օրերին ռուսական իշխանությունները ակտիվացրեցին իրենց միջնորդական ջանքերը ռազմական բախումների դադարեցման, լայնամասշտաբ պատերազմի բացառման և բանակցային գործընթացի վերականգնման համար, ինչը դրականորեն ընդունվեց Հայաստանում և աշխարհի բազմամիլիոն հայկական սփյուռքի կողմից:

Սակայն, Ռուսաստանի ցանկության բացակայությունը՝ հրաժարվել զինել մի երկիր, որը պատերազմ է մղում ՌԴ-ի երկար տարիների դաշնակցի՝ այն պետության դեմ, որը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Ռուսաստանում, և, ցավոք, Հայաստանում հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ դարձավ՝ երկիր, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական և քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել:

Ռուսաստանի դիրքորոշումն ավելի քան անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ խաղիկները և նրա իրական բնույթը ճանաչելու ցանկության բացակայությունը հանգեցրին նրան, որ չնայած երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված նրբանկատ պայմանավորվածություններին՝ Թուրքիան դանակ խրեց Ռուսաստանի թիկունքին: Հայ ժողովրդի նկատմամբ հարյուր տարի առաջ Ցեղասպանություն իրականացրած այդ երկիրն այսօր էլ, չնայած բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտմանը, հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունը:

Ադրբեջանը, որպես Թուրքիայի հավատարիմ դաշնակից, այսօր նմանատիպ քաղաքականություն է իրականացնում՝ ազգային հերոսների շարքին դասելով սպային, ով սպանել էր քնած իր հայ գործընկերոջը, որի հետ Բուդապեշտում վերապատրաստում էր անցնում ՆԱՏՕ-ի ծրագրով, կամ էլ նրանց, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց լուսանկարները՝ հայ զինվորների կտրված գլուխներով:

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս ֆլիրտը կարող է հանգեցնել նրան, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետևելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի այն «դանակով», որը նրան վաճառել է Ռուսաստանը:

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները, այլև բազմադարյան եղբայրական զգացումները՝ ստուգված ժամանակի և փորձությունների միջոցով: Հենց Ռուսաստանի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի պատճառով հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (1 հոդվածի համաձայն ՝ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին և գործողություններին), այլև իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության և արդարության նորմերով:

Մենք համոզված ենք, որ արդարությունը դա Ռուսաստանի համար լավագույն քաղաքականությունն է. միայն ուրիշների, առավել ևս՝ իր դաշնակիցների հանդեպ արդար լինելով, Ռուսաստանը կարող է ապավինել իր նկատմամբ վերաբերմունքին՝ որպես համաշխարհային գերտերության, որն այսօր աշխարհի շատ ազգերի համար դարձել է պաշտպանության և արևմտյան միաբևեռության հակազդեցության խորհրդանիշ»: