Աժ-ում շարունակվում են «Բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի շուրջ քննարկումները: Քննարկումների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանինˋ պարզելու համար, թե ինչ մեխանիզմների շրջանակներում է սահմանվել կրեդիտային համակարգը և արդյոք կրեդիտներ հավաքելու հարցում ուսումնասիրվել է միջազգային փորձը:
«Միջազգային մի շարք երկրներում այս համակարգն արդեն իսկ գործում է: Ավագ բուժաշխատողներից պահանջվում է հավաքել 220, իսկ միջին բուժաշխատողներիցˋ 140 կրեդիտ: Կրեդիտները տրամադրվում են համապատասխան գերատեսչությունների կողմից սահմանված կարգով: Կրեդիտներ կարելի է հավաքել սեմինարների միջոցով ևս»,-նշեց նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ եթե մեզանում ծրագիրը հաջող գործի, ապա տարբեր սեմիանարների շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայ և արտասահմանցի գործընկները ևս կկարողանան որոշ քանակությամբ կրեդիտներ հավաքել Հայաստանում անցկացված գիտաժողովներից: