Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է այն տեղեկությունները, թե ակումբի ընդհանուր պարտքն արդեն գերազանցում է 600 միլիոն եվրոն: «Արքայական ակումբի» ղեկավարի խոսքերով՝ իրականում այդ թիվը 8,5 անգամ ավելի քիչ է:
««Ռեալի» պարտքը կազմում է ոչ թե 602, այլ 72 միլիոն եվրո: Եվ մենք ջանում ենք նվազեցնել այդ թիվը: Որոշ մարդիկ ուղղակի ցանկանում են մեզ թուլացնել», — Պերեսի խոսքերն է մեջբերում Realmadridplace-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մադրիդականության արժեքների ասոցիացիայի նախագահ Կարլոս Մենդոսան հայտարարել էր. «Նախորդ մրցաշրջանի ընթացքում մեր ասոցիացիան հրապարակել է «Ռեալի» ֆինանսական իրավիճակի մասին առկա տվյալները: Մեր աղբյուրներով՝ ակումբի պարտքերն այն ժամանակ կազմում էին 540 միլիոն եվրո: Իսկ հիմա դրանք հասել են 602 միլիոնի: Դա այն դեպքում, երբ վերլուծությունը շարունակվում է: «Արքայական ակումբի» ղեկավարությունն, իր հերթին, պնդում է, որ պարտքի ընդհանուր ծավալը հավասար է 283 միլիոն եվրոյի: Մասնագետների մեծամասնությունը, սակայն, խիստ կասկածներ ունի այս թվերի հետ կապված»:
Հավելենք, որ «Ռեալը», Forbes ամսագրի տվյալներով, աշխարհի ամենաթանկ մարզական ակումբն է: Նրա արժեքը հասնում է շուրջ 3,44 միլիարդ դոլարի: