Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ կարող է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբային մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հաղորդում է ESPN-ն՝ հղում կատարելով «արքայական» ակումբին մոտ կանգնած աղբյուրին։ Այս մասին գրում է Armsport-ը`նշելով, որ Պոլ Պոգբայի տեղափոխության համար շարունակում է համառորեն պայքարել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացի մասնագետը կարողացել է համոզել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ Պոգբայի ձեռքբերումը անչափ կարևոր քայլ կարող է լինել «Մադրիդի» համար։ Մինչդեռ Պերեսը չէր ցանկանում գնել ֆրանսիացուն տրանսֆերային բարձր արժեքի համար։
Ավելի վաղ Պոլ Պոգբան հրապարակայնորեն հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ ՄՅՈւ-ից։ Դրանից հետո հետևել էր 26-ամյա ֆրանսիացու գործակալի՝ Մինո Ռայոլայի նմանատիպ հայտարարությունը։