տուն Լուրեր ՌԴ մամուլի խոսնակը բացահայտ հայտարարել է՝ ՀՀ տարածքում գործելու են իրենց երկրի...

ՌԴ մամուլի խոսնակը բացահայտ հայտարարել է՝ ՀՀ տարածքում գործելու են իրենց երկրի օրենքները. հարցազրույց՝ Ստյոպա Սաֆարյանի հետ

79
0

styopa

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի և դրա շուրջ ծավալվող զարգացումների շուրջ araratnews.am-ը զրուցել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

-Պարո´ն Սաֆարյան, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո երկրում այդպես էլ սգո օր չհայտարարվեց, երկրի առաջին դեմքերը Գյումրի չգնացին, հիշում եմ՝ դեպքից 1-2 օր անց գրառում էիք արել՝ նշելով, որ «եթե երկրում համառորեն սուգ չի հայտարարվում, ապա այդտեղ մի հարամ բան կա», անցել է ինը օր, ի՞նչ տեղի ունեցավ այս օրերի ընթացքում, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:

-Ցավալի է, բայց առաջին տպավորություններս ճիշտ էին…Անցել են օրեր, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ արվում է, որ այս ողբերգությունը մեծ հնչեղություն չունենա, քաղաքացիական պահանջների չհանգեցնի: Նկատելի է, որ այդ ամենում Ռուսաստանի հետքը կա. Ռուսաստանն ինքը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի իշխանությունները սգո օր հայտարարեն, ցավակցություններ ընդունեն: Անգամ ԵՏՄ անդամ երկները Հայաստանին ցավակցություններ չեն հայտնել, իսկ Հայաստանի իշխանությունների անհաջող բացատրությունները՝ սգո օր չհայտարարելու մասին, ավելի ու ավելի են խորացնում համոզմունքը, որ հանցագործությունը պարտակելու ծրագիր կա, իսկ ՀՀ իշխանությունները կամա թե ակամա մասնակից են դառնում:

-Նշում եք՝ ամեն ինչ արվում է, որ տեղի ունեցածը մեծ հնչեղություն չստանա, ըստ Ձեզ՝ ի՞նչն է խնդիրը:

-Այդ ամենն առնչվում է ռուսական ռազմաբազայի, դրանում տիրող բարքերի, զինվորականի կողմից կատարած հանցագործության, որը ակնհայտ է, որ միայնակ չի եղել և շատ այլ հարցերի հետ: Ռուսաստանն ու Հայաստանը կեցվածք են ընդունել, որ այդ ամենն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, բայց այստեղ մի փոքր այլ բան կա թաքնված:

-Իսկ ի՞նչ եք կարծում հայ-ռուսական «զարգացման բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները» կտուժե՞ն:

-Հարաբերությունների վատթարացմանը կնպաստի ոչ թե հանցագործությունը, այլ դրանից հետո կողմերի պահվածքը: Եթե առաջին պահից Ռուսաստանի գործողությունները հավատ ներշնչեին, եթե չտեսնեինք, թե ինչպես է հանցագործի վրա իր թևերը փռում, ապա հասարակության արձագանքն այլ կլիներ. հասարակությունն աննորմալ չէ և հասկանում է, որ միլիոնանոց ժողովրդի մեջ կարող էին հրեշներ լինել, բայց այս դեպքում պետությունն է հովանավորում հանցագործին:

-Հավատ ունե՞ք, որ  հանցագործությունը կբացահայտվի և մարդիկ էլ կստանան բոլոր հարցերի պատասխանները:

-Ցավով եմ ասում՝ ո՛չ: Միակ հույսս այն է, որ համացանցի ընձեռած հնարավորությունները  թույլ կտան որոշ բաներ պարզել:

-Այսինքն՝ փաստերի մեջ կապ գտնելով ու դրանք վերլուծելով՝ որոշակի եզրահանգման գալ՝ ճի՞շտ հասկացա:

-Այո՛, այո՛:

-ՌԴ նախագահի մամուլի խոսնակն իր հարցազրույցում նշել է, որ կլինի ռուսաստանյան դատավարություն, և հանցագործին կդատեն իրենց օրենքներով, իսկ ո՞ւր մնացին մեր պաշտոնյանների իրավական հիմնավորումները և այլն…

-Բա որ ասում ենք ՀՀ-ն աստիճանաբար զիջում է իր ինքնիշխանությունը , հիմա տեսնո՞ւմ եք:

ՌԴ մամուլի խոսնակը բացահայտ հայտարարել է, որ ՀՀ տարածքում գործելու են իրենց երկրի օրենքները:

-Այս ընդհանուր ֆոնին, երբ կարծես թե տեսանելի է, որ հանցագործին դատելու են ՌԴ օրենքներով, ի՞նչ զարգացումններ են սպասվում Գյումրիում:

-Այս պահին չեմ կարող ասել, բայց մի հարցում վստահ եմ՝ եթե ժողովուրդը ոտքի կանգնի՝ կհասնի հաջողության: Սա միայն Գյումրիի խնդիրը չէ, այլ ՀՀ ինքնիշխանության:

Զրուցեց՝ Շողիկ Գալստյանը: