«Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ համագործակցությունը դինամիկ զարգանում է գործնականում բոլոր ոլորտներում: Ադրբեջանը հատուկ ուշադրություն է հատկացնում երկու երկրների հետ հարաբերությունների խորացմանը»,- The Business Year պորտալին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով` Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը` ռազմավարական գործընկերը, որոնց հետ հարաբերություններն ունեն պատմական արմատներ, իսկ ստորագրված փաստաթղթերի ծավալը, ինչպես նաև փոխադարձ կանոնավոր այցերն ամուր կապերի մասին են վկայում:
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների ներկայիս վիճակը ցանկալի չէ Ադրբեջանի համար: Թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասում ու նրա սահմաններից դուրս կայունության ու անվտանգության պահպանման համար: Ադրբեջանը նախկինի նման հետաքրքրված է բոլոր հնարավոր միջոցներով ընդլայնել երկու երկրների հետ հարաբերությունները: Հուսով ենք, որ համատեղ ջանքերի արդյունքում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կկարգավորվեն երկխոսության ու փոխըմբռնման ճանապարհով»,- ասել է նա: