տուն Քաղաքական Միջազգային ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոն բացելը գնահատում է որպես սադրիչ քայլ

ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոն բացելը գնահատում է որպես սադրիչ քայլ

63
0

Russia - US - 647Ռուսաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոն բացելը գնահատում է որպես դաշինքի կողմից սադրիչ քայլ եւ լուրջ ապակայունացնող գործոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Սթոլթենբերգի Վրաստան կատարած այցի ժամանակ նախապատրաստական եւ գնահատման համատեղ կենտրոն է բացվել։ Կենտրոնի բազայում նախատեսվում է զորավարժություններ եւ մարզումներ անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումների, Վրաստանի ԶՈւ եւ դաշինքի գործընկեր երկրների օպերատիվության, համատեղելիության եւ ներդաշնակության բարձրացման համար։ Մենք այս քայլը գնահատում ենք որպես դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն, որն ուղղված է նրա աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնմանը»,- ասել է Զախարովան օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ Վրաստանում Հյուսիսատլանտյան բլոկի նման օբյեկտ տեղակայելը լուրջ ապակայունացնող գործոն է տարածաշրջանի անվտանգության համար։ Զախարովան նաեւ նշել  է, որ Վրաստանն այսօր, դատելով որոշ քաղաքական  գործիչների հայտարարություններից, չի հաշտվել 2008թ. արկածախնդրության հետեւանքների հետ եւ հավակնում է հարեւան երկրների նոր տարածքներին եւ  համառորեն մերժում է նրանց վրա չհարձակվելու մասին փաստաթուղթ ստորագրելուց։

«Նրանք, ովքեր այս իրավիճակում շարունակում են Թբիլիսիին ակտիվորեն դեպի ՆԱՏՕ քաշել, պետք է գիտակցեն պատասխանատվության իրենց չափը։ Անխոս, հաշվի առնելով 2008թ. տխուր փորձը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը եւ հայտարարել, որ Ռուսաստանն այս իրավիճակում կշարունակի կատարել իր դաշնակիցների անվտանգության պահպանման պարտավորությունները։