Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուսական «LifeNews» լրատվական գործակալության նկարահանող խմբին Ադրբեջանից վռնդելու փաստը, որտեղ ռուսաստանցի լրագրողները լուսաբանում էին հայ-ադրբեջանական ռազմական բախումների հետևանքները:
«Ես միայն կարող եմ ասել, որ մամուլի աշխատանքը պետք է հարգել: ԶԼՄ-ի աշխատանքը չի կարող դադարեցվել` խմբագրության դիրքորոշման հետ համաձայն չլինելու կամ նման ցանկություն չունենալու պարագայում: Ավելին, ԶԼՄ-ի հանդեպ չպետք է որևէ ուժային գործողություն կատարվի»,- նշել է Զախարովան` ընդգծելով, որ լրագրողների դեմ նման քայլերն անընդունելի են:
«Լրագրողներին պետք է ոչ թե վռնդել, այլ լրացուցիչ տեղեկություն հաղորդել, պետք է խոսել նրանց հետ, մամուլի ասուլիսներ անցկացնել և այլն: Բնականաբար, լրագրողներն էլ պետք է հարգեն այդ երկրի օրենքները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ռուսական «LifeNews» լրատվական գործակալության նկարահանող խումբը եղել է ադրբեջանական գյուղերում, որոնք սահմանակից են Արցախին: Ադրբեջանական իշխանությունները պահանջել են լրագրողներից իրադարձությունները ներկայացնել բացառապես Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը համաձայն: Ռուսաստանցի լրագրողները հրաժարվել են դա անել, ինչից հետո ադրբեջանական իշխանությունները նրանց վռնդել են երկրից: