տուն Քաղաքական Վերլուծական Ռազմական ուժի կիրառման հեռանկարները 21-րդ դարի անվտանգության միջավայրում

Ռազմական ուժի կիրառման հեռանկարները 21-րդ դարի անվտանգության միջավայրում

130
0

600x350xarmenia-karabakh-army-soldier-1_3.jpg.pagespeed.ic.EBj2oSzh0E

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ռազմական միջամտությունները մի շարք երկրներում փաստում են ժամանակակից ռազմական գործողություններում նոր տակտիկական և ռազմավարական միտումների առկայության մասին:

Բնութագրելով ներկայիս անվտանգության միջավայրում ռազմական գործողությունների իրականացման միտումները՝ ԱՄՆ պաշտպանության նախկին քարտուղար Չակ Հեյգելը վերջերս արված հարցազրույցներից մեկում նշել է, որ «զարգացումները կարող են դուրս գալ վերահսկողությունից և ինքնահոս շարժվել` պարտադրելով առավել ինտեսիվ  ռազմական ուժի կիրառում, քան ի սկզբանե նախատեսված էր»: Այն հասկացությունը, որ ուժը ի զորու է փոխակերպել հակամարտությունով համակված հասարակությունները Մերձավոր Արևելքում և այլուր, վտանգավոր խաբկանք է:

Նույնիսկ համաշխարհայնորեն ռազմական գործողությունների նվազեցման ֆոնին, հայտնի տեսաբան Ջոզեֆ Նայը նշում է իր հոդվածում, որ ուժի կիրառման միտումները ամբողջապես դուրս չեն մղվել միջազգային քաղաքականությունից: Դրանք, պարզապես, զարգանում են նոր «սերնդի» բնորոշ կանոններին և մարտավարություններին համահունչ:

Ժամանակակից պատերազմների առաջին սերունդը, սովորաբար, բնութագրվում էր  զինուժի բազմամարդ կառուցվածքով` նապոլեոնյան շարասյունների կազմավորմամբ: Երկրորդը, որն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, հենված էր կրակային ուժի առավելության վրա և սահմանվում էր որպես` «հրետանին նվաճում է, իսկ   հետևակը՝ զբաղեցնում» բանաձևում, որը կիրառվել էր 1916թ. Վերդունի ճակատամարտում:  ժամանակակից պատերազմական գործողությունների երրորդ սերունդը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարելագործվեց Գերմանիայի կողմից «կայծակնային» պատերազմ որակավորմամբ, ուժի դիմային կիրառման դիմաց ապավինում է մանևրի, ներթափանցման և թշնամուն շրջանցելու և թիկունքից հարված հասցնելու մարտավարությանը:

Չորրորդ սերնդի պատերազմական գործողություններում, ըստ ամերիկյան հայտնի տեսաբանի, գերիշխում է ապակենտրոնացված մոտեցումը՝  որտեղ ռազմական գործողությունների իրականացման թատերաբեմը զուրկ է հստակորեն սահմանված ճակատային գծերից: Փոխարենը՝  փորձ է արվում  թիրախավորել հակառակորդի հասարակությանը՝ քաղաքական կամքը ոչնչացնելու նպատակով: Կարելի է նաև սահմանել հինգերորդ սերունդը, որի ընթացքում այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսիք են անօդաչու ինքնաթիռները և հարձակողական կիբեր մարտավարությունները, հնարավորություն են տալիս զինվորներին բավականաչափ հեռու գտնվել իրենց քաղաքացիական թիրախներից:

 

Թեև հատուկ սերնդային սահմանազատումները փոքր-ինչ պայմանական են, դրանք, այնուամենայնիվ, արտացոլում են կաևոր մի միտում` ռազմադաշտի և թիկունքի միաձուլումը: Այս փոխակերպումը նպաստել է զինված հակամարտությունների առաջացմանը` ներառելով ոչ պետական դերակատարների, ինչպիսիք են ապստամբ խմբերը, ահաբեկչական ցանցերը, զինված և հանցավոր կազմակերպությունները:

 

Այս կազմակերպությունները հաճախ հաստատվում են թույլ կառավարման կարողություններ ունեցող երկրներում՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով լիակատար վերահսկողություն տեղի բնակչության նկատմամբ: Այս տիպի պատերազմները Հյուսիսային Իռլանդիայի և Բալկանների նախկին հրամանատար, գեներալ Ռուպերտ Սմիթն անվանում է «պատերազմ ժողովրդների միջև». պայքարի այնպիսի տեսակ, որը հազվադեպ է հանգուցալուծվում զինուժի կիրառման դասական եղանակով:

 

Նման հիբրիդային պատերազմների ժամանակ օգտագործվում է զենքերի բազմազան տեսակներ, որոնցից ոչ բոլորը ունեն կրակային հատկություններ: Յուրաքանչյուր բջջային հեռախոսի մեջ տեսախցիկի և յուրաքանչյուր համակարգչում ֆոտո-խմբագրման հնարավորությունները, մի կողմ թողնելով սոցիալական լրատվամիջոցների առկայությունը, տեղեկատվության տարածման մրցակցությունը դարձրել են ժամանակակից պատերազմների վճռորոշ ասպեկտ, որի օրինակն է Սիրիայում և Ուկրաինայում ընթացող պատերազմները:

 

Պատերազմական գործողությունների այս մարտավարությունը մեծապես ի հայտ եկավ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ սովորական սպառազինությունների համատեքստում ԱՄՆ-ի որոշիչ առավելությունը ընդգծվեց 1991թ. Իրաքի պատերազմում (միայն 148 զոհ), և 1999թ. Կոսովոյում, երբ ոչ մի ամերիկյան կորուստ չարձանագրվեց: Ի դեմս այս անհամաչափության, ԱՄՆ մրցակիցները` ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարները, սկսեցին կիրառել ասիմետրիկ մարտավարության բաղադրիչները:

 

Չինաստանում, օրինակ, ռազմավարական պլանավորման գործընթացում ներառված «անսահմանափակ պատերազմների» ռազմավարությունը  միավորում է էլեկտրոնային, դիվանագիտական, կիբեր, ահաբեկչական, տնտեսական և քարոզչական գործիքներ՝ ԱՄՆ համակարգերը խաբանելու և սպառելու նպատակով:  Չինացի ռազմական պաշտոնյայի սահմանման համաձայն`  «անսահմանափակ պատերազմի առաջին կանոնը՝  կանոնների իսպառ բացակայությունն է»:

 

Նմանօրինակ ռազմավարություն այժմ կիրառում է նաև Իսլամական Պետություն խմբավորումը (ԻՊ)` միավորելով ռազմական գործողությունները սադրիչ սոցիալ-լրատվական քարոզարշավի համատեքստում՝ վայրագ մահապատիժների, գլխատումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի տարածման հետ:

 

Պատերազմական գործողություններին բնորոշ անկանխատեսելիության գործոնը լուրջ մարտահրավերներ է հանդիսանում պաշտպանական պլանավորման գործառություների իրականացման համար: Աննախադեպ փոփոխությունների այս համատեքստում՝ ռազմավարական պլանավորման գործընթացի ճկունությունը պայմանավորված է անկանխատեսելիության և անհաշվարկելիության գործոնները հնարավորինս կառավարելի դարձնելու հմտություններով:

http://www.project-syndicate.org/commentary/modern-warfare-defense-planning-by-joseph-s—nye-2015-02