Գրեթե մեկ շաբաթ առաջ սկսված սահմանային լարված իրադարձությունների ֆոնին կարևոր էին նաև լրագրողների, լուսանկարիչների, օպերատորների աշխատանքները՝ տեղեկատվական դաշտում: Տեղեկատվական անվտանգության մասնագետները հրադադարի ռեժիմի խախտման հենց սկզբից սկսեցին զգուշացնել, թե այս պարագայում ինչպես պետք է լուսաբանել իրադարձությունները՝ նաև հոլովակներում և լուսանկարներում: Ապրիլի 2-8-ն արված լուսանկարներին, տեսանյութերին araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Այս օրերին գրեթե բոլոր լուսանկարները համաձայնեցված են եղել, և իրենք առանց համապատասխան ուղեկցությամբ այնտեղ չէին լինի նկարելու համար: Իրականում, առանց զինվորականների թույլտվության, իրենք ուղղակի այդ հատվածներում չեն կարող հայտնվել, որովհետև դրանք շատ մոտ են մարտական գործողությունների վայրերին»,-նշեց փորձագետը և հավելեց, որ խոսքը վերաբերում է նաև անօդաչու թռչող սարքերից արված նկարահանումներին:
«Այս ընթացքում միայն մի խնդիր է եղել, որը շատ լուրջ էր՝ դա ԶԼՄ-ներից մեկի նկարահանած տեսանյութն էր, որտեղ մեր դիրքերն էին նկարել, տեխնիկայի տեղաշարժը ու դա շատ վատ ձևով էր արված: Ամեն ինչ երևում էր, խոշոր պլան չէր, ընդհանուր էր, որը հետո շատ հանգիստ կարելի է տեսնել քարտեզի վրա և հասկանալ, թե որտեղ ինչ էր: Իսկ մնացած նկարահանած նյութերը կարծես թե ոչ մի խնդիր չեն առաջացնում, որովհետև մեր դիրքերն ու տեխնիկան ցույց չեն տալիս»: