«Երբ սկսեցին ռազմական գործողությունները, մենք որպես ընդդիմություն, մեր պարտքը համարեցինք մի կողմ դնել տարաձայնությունները, հակասությունները եւ կոչ անել միասնականության, որովհետեւ երբ պատերազմ է գնում, բոլորը պետք է միավորվեն, դա հասկանալի բան է: Մյուս կողմից, հիմա ես չգիտեմ իրավիճակը մինչեւ վերջ կարգավորվել է, թե չէ, բայց եթե տեսնենք, որ արդեն կարգավորվում է, մենք շատ բան ունենք ասելու, որովհետեւ բաներ կան, որ պետք է արվեին, բայց չեն արվել»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Գերմանիայում արած այն հայտարարությանը, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքերով: «Փաստորեն 98 թվականին այսօր գործող իշխանությունները ստացան մի ժառանգություն, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բանակը եւ տնտեսությունն ուներ ակնհայտ առավելություն հակառակորդի նկատմամբ: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ է դրանից հետո արվել: Ես հիմա ընդամենը նշմարում եմ հարցերը, որովհետեւ կարծում եմ, որ դեռ ժամանակը չի եկել, որ մենք լրիվ բաց խոսենք այս բացթողումների մասին»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ բազմաթիվ հարցեր կան նաեւ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության, ռազմաճակատի գծի ամրապնդման, տեխնոլոգիական հետամնացության հետ կապված: «Բոլորս պետք է հասկանանք, որ ռազմական հզորությունը դա միայն զինամթերքն ու զինվորը չէ: Բազմաթիվ հարցեր են ծագում կապված տնտեսության զարգացման հետ, կոռուպցիայի հետ: Այսինքն՝ այս հարցերը կան, ես ընդամենը նշմարեցի հարցերը»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այս ամենից պետք է դասեր քաղել: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
տուն Լուրեր Ռազմական հզորությունը դա միայն զինամթերքն ու զինվորը չէ. ՀԱԿ-ը հարցեր ունի իշխանություններին...