Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի պահվածքին, հայտարարեց, թե պարզապես քաշքշուկ է եղել: «Եղել են քաշքշուկներ: Այդ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչն իր հավատացյալների խմբին ընտրակաշառք է բաժանել` զուտ դրա հետ է կապված»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Փելեշյանը վերջին օրերին հարբած շրջում էր Վանաձորում և սպառնում ու ծեծի ենթարկում տարբեր մարդկանց, քանի որ չի հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքապետ չի ընտրվել: Երեկ երեկոյան նա դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Լրագրողների դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների՝ ծեծի պատճառն այն է, որ Գրիգորյանը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, Բիշարյանը պատասխանեց. «Դե, հիմա դուք ամեն մեկդ մի բան կշահարկեք, բայց մեր պատասխանը հստակ դրված է, որ եղել է խնդիր՝ զուտ դրա հետ կապված: Նա հիվանդանոցում չէ, սուտ է, չի հոսպիտալացվել, այնպես որ, զանգահարեք հիվանդանոց»:
Հարցին, թե փաստորեն իրենց թեկնածուն պատուհաս է դարձել վանաձորցիների գլխին, Բիշարյանը վրդովված հակադարձեց. «Վայ: Առաջին հերթին նայեք, որ քաղաքական պրոցեսներ են, և այս պահին ինչո՞ւ է տեղի ունեցել նման բան, քաշքշուկի արդյունքում ինչո՞ւ են այդքան լուրը ուռճացրել, ո՞ւմ է ձեռնտու, և ինչի՞ համար է այդպես անում»: