տուն Լուրեր Րաֆֆի Հովհաննիսյանը կմիանա Սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ճամբարին

Րաֆֆի Հովհաննիսյանը կմիանա Սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ճամբարին

104
0

1410244155_big_1361804024_8449392

Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող լինել: Այս իշխանությունը` Սերժ Սարգսյանից սկսած, չունի իրավական կարգավիճակ. պետական հանցագործությամբ գողացվել է ժողովրդի քվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այդ վարչակարգը, որը Սահմանադրություն է արհամարհում, չի կարող ներկայացնել մի Սահմանադրություն, անգամ իդեալական, և ենթադրել, որ դա կոնսոլիդացիայով կընդունվի: Սրանք նպատակ ունեն ծխածածկույթի ներքո ոչ միայն մի հոգու իշխանությունը երկարացնել, այլ կերտել մի կուսակցություն. նեոբոլշևիկյան կուսակցություն ստեղծելու նպատակ ունի այս իշխանությունը, ինչին մենք դեմ ենք: Մենք չենք համարում, որ նպատակահարմար է բովանդակային քննարկումը և այս հետին նպատակն ակնհայտ է հայ ժողովրդի համար: Անգամ հպանցիկ ընթերցումն այդ փաստաթղթի ցույց է տալիս, որ նրանց նպատակն է մի մարդու շուրջ կենտրոնացնել ողջ իշխանությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` իշխանության բուն նպատակը ոչ միայն վերարտադրությունն է, այլ նաև կուսակցապետության ստեղծումը:

Հովհաննիսյանը համոզված է՝ պետք է կոնսոլիդացնել ընդդիմադիր ուժերը, ամեն մեկը մի կողմ պետք է դնի թեկուզ կուսակցության ներսում եղած հակասությունները:

«Մենք պետք է ունենանք միացյալ պայքար` հանուն Հայաստանի անկախության: Այստեղ մենք պետք է հեռու մնանք հեղինակային իրավունքի բարդույթից»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է բոլոր այն քաղաքական ուժերի ընտրությունը, որոնք գնացին Բաղրամյան 26:

«Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր ներքին որոշումը: Ես ոչ դատապարտում եմ, ոչ էլ` դատում: Մեր մոտեցումը գիտեք. մեզ համար ավելի կարևոր սկզբունքային խնդիր է չընտրված իշխանությունը: Մեզ համար պետք է կարևոր լինի, թե ինչպես պետք է կայանա նոր Հայաստանը: Հասարակությունը ինքը պետք է տեսնի այդ ուժերի համախմբումը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե նա արդեն մի անգամ հանդիպել է նախագահին, Հովհաննիսյանն ասաց, թե դա արդեն արծարծված հարց է, որին ինքը պատասխանել է:

Անդրադառնալով խնդրին, որ Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի կազմում հանդիպել է նախագահին, Հովհաննիսյանն ասաց, թե իրենք ունեն կարգապահական խնդիր, տարբեր ոճերի մոտեցում,

«Մենք ազատամիտ ուժ ենք, դա իրենց անհատական տեսակետն է: Ժառանգությունը պետք է ամեն ինչ անի, որ այս իշխանությունները չունենան վերարտադրվելու հնարավորություն»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ: Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ նաև այլ ըննդիմադիր ուժերի հետ: Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ միանալու է «ոչ»-ի ճամբարին: