Ֆեյսբուքյան օգտատերերն այսօր քննարկում էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի «Արդուկն ու մարդուկը» հեքիաթն ու «Թզուկն ու պզուկը» մանկական բանաստեղծությունը: Օգտատերերը Միլիտոնյանի հեքիաթը համարել են նարկոգոհար, «Թզուկն ու պզուկը» բանաստեղծության ազդեցությունը՝ հալյուցինոգեն: Օգտատերերը նաև բարձրաձայնում էին Միլիտոնյանի մանկական ստեղծագործությունների դաստիարակչական նշանակությունը:
Araratnews.am-ը կապ հաստատեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու: Ներկայացնում ենք նրա հետ զրույցն առանց խմբագրման:
Պարո՛ն Միլիտոնյան, ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր կարծում են, որ Ձեր «Արդուկն ու մարդուկը» եւ «Թզուկն ու պզուկը» ստեղծագործությունները երեխաների համար չեն եւ դաստիարակչական նշանակություն չունեն:
Բայց ի՞նչ կա էդտեղ ոչ դաստիարակչական:
Օրինակ` պզուկը հակահիգիենիկ երեւույթ է:
Ի՞նչն է հակահիգիենիկ: Դուք Ձեր կարծի՞քն եք ասում: Էդ 20 տարի է` դրված է, նո՞ր եք տեսնում: Ես չգիտեմ, դուք ինչ եք ուզում:
Ի՞նչ մեկնաբանություն կտաք ֆեյսբուքյան օգտատերերի այն քննադատություններին, ըստ որոնց Ձեր ստեղծագործությունները դաստիարակչական չեն:
Սիրելի՛ս, ովքեր համարել են իմ ստեղծագործությունը դաստիարակչական, դրել են: Դուք նո՞ր եք լրագրության մեջ:
Ո՛չ:
Եթե նոր չեք, պետք է իմանաք, որ դա վաղո՜ւց դասագրքերում դրել են: Էլ ի՞նչ հետաքրքիր, լավ բաներ եք գտել: Խնդրեմ եկեք, խոսենք, բայց ոչ հեռախոսով:
Չե՞ք արձագանքում այդ մեկնաբանություններին:
Չհասկացա, սիրելի՛ս, փոխանակ հանգիստ, նորմալ… Դուք մի մարդու հետ եք խոսում, որը հազարավոր գրքեր ու գործեր է տպագրել: Պետք է նայեմ, թե ի՛նչ օգտատերեր են, ի՛նչ են գրել: Ովքեր դրել են, նրա՛նց մեղադրեք, ինչի են դրել: Ես չգիտեմ՝ ձեր օգտատերերը դասախոսնե՞ր են գրականագետնե՞ր, ուսուցիչնե՞ր, ծնողնե՞ր, եւ ինչ են ուզում: Ամեն մարդ էլ իր կարծիքն ունի, ես չեմ վիճում:
Նրանք ասում են, որ այսպիսի ստեղծագործությունները դաստիարակչական նշանակություն չունեն:
Սիրելի՛ս, եկեք, խոսենք, հասկանանք, թե դուք դաստիարակչական ասելով ինչ եք հասկանում: Ոտի վրա ես դաստիարակչական բաներ չեմ ասում: «Թզուկն ու պզուկը» դասագրքերում չի էլ տպվել, որտեղի՞ց եք դա գտել: «Արդուկն ու մարդուկը» գործի գաղափարն այն է, որ ամեն ինչ հարթելով չէ: Կյանքը, գեղեցիկն իր բարդություններով է հետաքրքիր: Արդուկող մարդը չի նպաստում կյանքի գեղեցկությանը:
Իսկ «Թզուկն ու պզուկը» բանաստեղծության հիմնական գաղափարը ո՞րն է:
Դե հիմա, սիրելի՛ս, ես գիտե՞ք քանի բանաստեղծություն եմ գրել: Մանկական գրականությունը միայն դաստիարակչական նպատակ չի հետապնդում: Կան սրամտություններ, լեզվական խաղեր, բառախաղեր, մանկանը հետաքրքրող իրադարձություններ: Դրանք կարող են չհետապնդել դաստիարակչական նպատակ: Մանկագրությունը այդքան էլ պարզ բան չէ: Մանկական բանաստեղծությունը բազմաշերտ է:
Սոնա Դավթյան
Հ.Գ. Ի դեպ, ի պատասխան Պրն Միլիտոնյանի դիտարկմանը, թե ես նոր եմ լրագրության մեջ, նշեմ, որ վաղուց այն տարիքում չեմ, որ «մանկական» պարզունակ բառախաղ պարունակող այսպիսի «գոհարներ» ընթերցեմ: Որպես 5 տարվա լրագրող՝ ասելիք ունեցող գրողների գործերը: Գրողներ, որոնք ստեղծագործելիս հազիվ թե մտքում տարբերակեին շարքային ընթերցողին ըստ մասնագիտությունների. ընթերցողն ընթերցող է՝ առանց տարիքի ու մասնագիտական սահմանափակման: