ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները հարցրեցին Բագրատաշենի միջադեպերի մասին: Պաշտոնյան ասաց, որ մաքսային ծառայողների պահանջին ինքնավնասմամբ պատասխանելուց հետո մաքսային աշխատողները քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ինքնավնասողը ստացել է համապատասխան բուժօգնություն: Դրանից հետո ինքնավնասողը վերադարձել է, կատարվել են համապատասխան մաքսային ձեւակերպումները, եւ ինքնավնասողը հեռացել է:
«Արդյոք դա շոո՞ւ է»,- հարցրին լրագրողները: Հարցին ՊԵԿ նախագահը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ ցանկացած մարդ կարող է ամեն հոգեվիճակում լինել: «Սակայն չի բացառվում, որ այդպես լինի»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանն ասաց, որ այդ ընթացքում քաղաքացիները կարողացել են բեռները փախցնել եւ չմաքսազերծել:
Ինչ վերաբերում է մյուս միջադեպին, ՊԵԿ նախագահն ասաց՝ քննում են գործը: «Մեր աշխատողները գործել են իրենց իրավունքների սահմանում: Սույն գործի հետ կապված կան վկաներ եւ տեսանյութեր»,- մանրամասնեց Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Բագրատաշենում մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար քաղաքացին ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների և պարանոցի հատվածում։ Իսկ մեկ շաբաթ առաջ, ըստ մամուլի հրապարակումների, Բագրատաշենում մաքսակետի պետ Գեղամ Վանունին աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել գործարար Արթուր Խառատյանին և արգելել, որ նրա բեռը դուրս գա մաքսատան տարածքից: