Օրերս Araratnews.am-ը հրապարակել էր «ՊԵԿ-ը խոչընդոտներ է ստեղծում գործարարի համար. վերջինս բիզնեսը Հայաստանից տեղափոխում է» հոդվածը: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ տնօրեն Վահագն Մինասյանը նշել էր, որ ՊԵԿ-ը խոչընդոտներ է ստեղծում իր բիզնես գործունեության համար, ինչի պատճառով նա որոշել է բիզնեսը տեղափոխել Վրաստան եւ Թուրքիա:
Վահագն Մինասյանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու կապակցությամբ Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ: Վարդան Հարությունյանի ղեկավարած կառույցից Araratnews.am-ի հրապարակման վերաբերյալ ներկայացրել են հետեւյալ պարզաբանումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Օրերս Araratnews.am կայքը նյութ էր հրապարկել «Գրանդ Բլեք Սթոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեությանը «խոչընդոտելու» վերաբերյալ, որի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և խեղաթյուրված տեղեկություններով փորձ է արվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ պետական շահերը պաշտպանելուն ուղղված և մաքսային մարմինների լիազորությունների շրջանակներում իրականացվող գործառույթները ներկայացնել որպես բիզնեսին խոչընդոտելու և երրորդ անձնաց շահերը պաշտպանելուն միտված քայլեր: Նախ, կցանկանայինք նշել, որ «Գրանդ Բլեք Սթոն» ընկերության օբսիդիանի գլաքարի արտահանումը արգելված լինելու վերաբերյալ հարցին ի պատասխան տեղեկացվել է, թե որ իրավական ակտերով են սահմանվում ՀՀ սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքների ցանկերը, այլ ոչ թե արգելվել է դրա արտահանումը:
Այնուհետև, հաջորդ դիմումներին ի պատասխան, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից խնդրարկվել է ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր և տեղեկություններ, քանի որ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն: Ընդ որում, «Գրանդ Բլեք Սթոն» ընկերությունը բազմիցս (14.07.2014թ., 29.02.2016թ., 03.08.2016թ., 12.10.2016թ.) դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն (համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 654-Ն որոշման Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող լիազոր մարմին է համարվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով, սակայն թույլտվության տրամադրումը մերժվել է ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով: «Գրանդ Բլեք Սթոն» ընկերությունը, տեղյակ լինելով թույլտվության առկայության պարտադիր պահանջի մասին, այնուամենայնիվ, առանց լիազոր մարմնի թույլտվության իրականացրել է օբսիդիան պարունակող հանքաքարի վերամշակում և վերամշակման արդյունքում գոյացած օբսիդիանի գլաքարը վաճառել է այլ ընկերությունների: «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց ընդերքօգտագործման իրավունքի ընդերքօգտագործման իրականացումն արգելվում է:
Միաժամանակ, տեղեկացնենք, որ «Գրանդ Բլեք Սթոն» ընկերության նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին), որի շրջանակներում քննիչի որոշմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է ստուգում:
Տեղեկացնենք նաև, որ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության՝ համայնքի տարածքում գտնվող թափոնները համայնքի սեփականությունը հանդիսանալու վերաբերյալ պարզաբանմանը, հայտնում ենք, որ այդ հարցի կապակցությամբ հարցում է կատարվել լիազոր մարմնին, որին ի պատասխան ստացվել է պարզաբանում, համաձայն որի՝ խնդրո առարկա ապրանքները համայնքի սեփականությունը չեն կարող լինել, հետևաբար, առանց այդ իրավունքի համայնքը չի կարող տիրապետել, օգտագործել և տնօրինել, այդ թվում՝ օտարել այդ ապրանքը որևէ մեկին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն չի կարող թույլատրել ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով տնօրինված տվյալ խմբաքանակի օբսիդիանի գլաքարի արտահանումը»,- ասված է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ: