տուն Լուրեր ՊԵԿ-ը խոչընդոտներ է ստեղծում գործարարի համար. վերջինս բիզնեսը Հայաստանից տեղափոխում է (լուսանկարներ)

ՊԵԿ-ը խոչընդոտներ է ստեղծում գործարարի համար. վերջինս բիզնեսը Հայաստանից տեղափոխում է (լուսանկարներ)

220
0

98

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն խոչընդոտներ է ստեղծել գործարարի համար, ով բիզնեսը տեղափոխում է Վրաստան: 2014 թվականից «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ն զբաղվել է օբսիդիան տեսակի թափոնների վերամշակմամբ եւ արտահանմամբ: Երկու տարի շարունակ ընկերությունը, համաձայն ձեռք բերված պայմանագրերի, իրականացրել է արտահանման գործընթացը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ տնօրեն Վահագն Մինասյանը: Այս տարի սակայն ՊԵԿ-ից Մինասյանին տեղեկացրել են, որ ընկերությունն այլեւս թափոնների արտահանմամբ զբաղվելու իրավունք չունի: «Այլ կազմակերպություն ցանկություն է ունեցել բիզնեսը տանել, գողանալ, ինչը ստացվել է»,- ասաց Մինասյանը, հավելելով, որ 2 տարի շարունակ զբաղվել է արտահանմամբ: Այս ընթացքում ավելացրել է անհրաժեշտ փաստաղթղթերի քանակը: Մասնավորապես, նրա ձեռքին էին բնապահպանության նախարարության թույլտվությունը, որ լիցենզիա անհրաժեշտ չէ թափոնների արտահանման համար:

«Ունենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պատասխանների մի շարասյուն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ունենք պատասխան, որ օրինական է գյուղապետարանի հետ կնքված պայմանագիրը»,- ասաց գործարարը, հավելելով, որ ՊԵԿ-ից նախ հայտնել են, թե արգելված է թափոնների արտահանումը, հետո ստացել է մեկ այլ պատասխան, թե խնդրարկված է: Ավելի ուշ պետեկամուտների կոմիտեից պատասխանել են, թե թափոնների արտահանման համար ընկերությունը պետք է լիցենզիա ունենա: Վահագն Մինասյանը նշում է, որ նման բան գոյություն չունի:

Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ բիզնեսը տեղափոխել է Վրաստան եւ Թուրքիա:

Վահագն Մինասյանը Araratnews.am-ին է տրամադրել նաեւ փաստաթղթերը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
a1 a2 a3 a4 a5 a6 a7 a8 a9 a10

Հավելենք, որ տեղեկությունների համաձայն` օբսիդիան տեսակի թափոնների վերամշակմամբ եւ արտահանմամբ զբաղվելու ցանկություն են հայտնել իշխանական էլիտայի ներկայացուցիչներից ոմանք, ովքեր սերտ առնչություն ունեն եւ վայելում են օրվա իշխանությունների հովանավորությունը: Թերեւս այս կերպ կարելի է մեկնաբանել ՊԵԿ-ի ստեղծած արհեստական խոչընդոտները գործարարի գործունեության վերաբերյալ: Այն, որ Հայաստանում բիզնես գործունեություն կարող են ծավալել իշխանության հետ առնչություն ունեցող նեղ շրջանակները, մեկ անգամ եւս փաստվում է: Այդկերպ ապացուցվում է նաև, որ իշխանությունների, վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունները, թե Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու խոչընդոտներ չկան, իրականությանը չեն համապատասխանում:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էր պարբերաբար հայտարարում, թե խաղի կանոններ են փոխվել, եւ որ երկրում տնտեսության զարգացման հիմնաքարը պետք է լինի բիզնես միջավայրի բարելավումը: Տեղի ունեցող զարգացումները խոսում են հակառակի մասին:

Հայաստանում բիզնես ծավալելու մենաշնորհը շարունակում է մնալ կենտրոնացված մի քանիսի ձեռքում: Մյուսները, ովքեր չեն հարմարվում պայմաններին, կամ վաճառում են, կամ բիզնեսը տեղափոխում այլ երկրներ:

Հավելենք, որ ՊԵԿ-ից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Սակայն պատրաստ ենք հրապարակել նաեւ կառույցի մեկնաբանությունը:

Փայլակ Ֆահրադյան