Հարկ վճարողների ցանկը «սրբագրվում» է. պետական եկամուտների կոմիտեն կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը: Դրանում ներառված են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչև 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ չեն վերագրանցվել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ գործընթացի նպատակն է առանց ավելորդ վարչարարության և պարզեցված ընթացակարգով լուծարել հաշվետվություն չներկայացրած չգործող կազմակերպություններին` հստակեցնելով փաստացի գործունեություն ծավալող հարկ վճարողների շրջանակն ու պետական ռեսուրսները խնայելու հնարավորություն ստեղծելով։
«Լուծարման ողջ ընթացքում հարկ վճարողներին անհանգստություն չի պատճառվելու. նրանք ազատվելու են սովորաբար հստակեցումների երկար փուլերից բաղկացած ընթացքից ու թղթաբանությունից։ Աշխատանքի ողջ ծանրաբեռնվածությունը ՊԵԿ-ը վերցրել է իր վրա և գույքի առկայությունը կամ պարտատերերի առարկությունը ճշգրտելու համար համագործակցելու է պետական գերատեսչությունների հետ»,-նշել է ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի պետ Կարեն Թամազյանը՝ ընդգծելով ևս մեկ արտոնություն, որով չեղյալ է համարվում հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով կազմակերպության կամ Ա/Ձ-ի՝ մինչև 10 հազար դրամի չափով ընդհանուր հարկային պարտավորությունը:
Առաջնորդվելով «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին ՀՀ օրենքով»՝ հարկային մարմինը www.taxservice.am պաշտոնական կայքում արդեն հրապարակել է օրենքով սահմանված չափանիշներին բավարարող հարկ վճարողների ցանկը: Նախնական ցանկում ընդգրկված մոտ 50 000 հարկ վճարողները, եթե չեն ցանկանում լուծարվել կամ հանվել պետական հաշվառումից, կարող են այդ մասին գրավոր տեղեկացնել համապատասխան հարկային տեսչությանը: «Կոմիտեն արդեն հարցումներ է ուղարկել լիազոր մարմիններին՝ նախնական ցանկում ներառված հարկ վճարողների գույքի առկայությունը պարզելու նպատակով: Զտված ցանկը մինչև հուլիսի 1-ը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն և կտեղադրվի www.e-register.am և ՀՀ հրապարակային ծանուցումների www.azdarar.am, ինչպես նաև կայքերում»,-հայտնել է Կարեն Թամազյանը՝ տեղեկացնելով, որ հարկ վճարողները հնարավորություն ունեն լուծարումից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը: