«Պանամայի փաստաթղթեր» կոչվող հայտնի սկանդալի շրջանակներում բացահայտված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային գոտիներում ունեցած բիզնեսի հետքերով Պետական եկամուտների կոմիտեն առայժմ ոչինչ չի ձեռնարկել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Հարկային մարմինները անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն: Հարկային մարմինները կարող են հետաքրքրվել այն դեպքերում, երբ հարկային հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, մասնավորապես որևէ ընկերության նկատմամբ կատարվում է պետական բյուջեի փոխհարաբերության ճշտության ստուգում, և բացահայտվում է, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ, և դրա արդյունքում կան բյուջե չվճարված հարկեր: Եթե կլինեն նման դեպքեր, դրանց մասին կտեղեկացնենք», -ասաց Միրումյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նույնը ՊԵԿ փոխնախագահը հայտարարել էր մի քանի շաբաթ առաջ, արդյոք ուսումնասիրություններ այդ ընթացքում չեն կատարվել, Միրումյանը նշեց, որ դրա համար կա ժամանակացույց, և արտահերթ ստուգումներ իրենք չեն կարող կատարել: Ինչ վերաբերում է ՊԵԿ ենթակայությամբ գործող քննչական վարչությանը, ապա Միրումյանը տեղեկացրեց, որ իրենց քննչականը պետք է ստանա հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի որոշումը, նոր միայն քայլեր ձեռնարկի: «Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ: Այլ հարց է, թե արդյոք դրա արդյունքում կարո՞ղ է հայկական ընկերությունը պակաս վճարել իր հարկերը, թե ոչ», -ասաց Միրումյանը: