Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորագույն շրջապատը զգալիորեն կրճատվել է և այժմ բաղկացած է հիմնականում ուժայիններից: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նախկինում Պուտինի հետ բավական սերտ կապված նավթային մագնատներն այժմ երկրորդ պլանում են հայտնվել: Այսօրվա դրությամբ ՌԴ ղեկավարի հետ սերտ հարաբերությունների մեջ են ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Bloomberg-ը Պուտինի շրջապատից «վտարվածների» թվում նշում է միլիարդատերեր Գենադի Տիմչենկոյին և Արկադի ու Բորիս Ռոտենբերգ եղբայրներին, որոնց նկատմամբ ԵՄ-ն և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են սահմանել:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է որևէ որոշակի մեկնաբանություն տալ այս առնչությամբ: