Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է «Վեդոմոստի» թերթի «Կարծիքներ» բաժնի խմբագիր Մաքսիմ Տռուդոլյուբովի հոդվածը, որում նա նշում է, որ Պուտինը Սիրիայում իր գործողություններով վճռականորեն ու հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը շարունակում է դինամիկ դեր խաղալ աշխարհաքաղաքականությունում։
Հոկտեմբերի 11-ին հեռուստահարցազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ իրենք ընդհանրապես տարբերություն չեն դնում սուննիների ու շիաների միջև։ Դրա հետ կապված՝ Տռուդոլյուբովը գրում է, որ Պուտինն այդ կերպ ցանկանում է առաջ տանել իր ներքաղաքական կրեդոյի գլխավոր թեզիսներից մեկը, որ յուրաքանչյուր կազմակերպության գործունեություն, որը հավանության չի արժանացել պետության կողմից, թշնամական է գործող իշխանության համար:
«Պուտինը քանիցս կրկնել է, որ բոլոր կազմակերպությունները, անգամ կրոնական, ֆինանսավորվում են օտարազգիների կողմից՝ օտարածին ծրագրերով, և որ նրանց վերջնական նպատակը կարող է լինել միայն մեկ բան՝ վարչակարգի փոփոխումը։
Սիրիայում նրանց նպատակը Ասադին գահընկեց անելն է, ինչպես որ Ռուսաստանում ՀԿ-ները գործում են Պուտինին տապալելու համար։ Կանգնելով Ասադի կողքին՝ մեր նախագահը ստեղծեց «շեյխ Պուտինի», բարի ընկերոջ կերպար, ով օգնության հասավ իշխող ալավիներին, որոնց գրոհում են ապստամբները՝ գերազանցապես սուննիները։
Նա Ռուսաստանը վերածեց շիաների փաստացի դաշնակցի, սակայն թվում է, թե լրջորեն չի նկատում իսլամի ուղղությունների միջև տարբերությունը։ Դա զգալիորեն բացատրվում է իրավաբանի նրա աշխարհայացքով, որը կենտրոնում դնում է ողջ պետությունը։
Ըստ ամենայնի, Պուտինին չի մտահոգում այն փաստը, որ Ռուսաստանի մուսուլմանների մեծ մասը սուննիներ են։ Պուտինը Սիրիայում Ռուսաստանի դերը պատկերացնում է այնպես, ինչը Բուշը փորձում էր անել Իրաքում։ Սակայն եթե ԱՄՆ-ին համարում են ժողովրդավարության համադարման, ապա Պուտինը պայքարում է կենտրոնացված, ավտորիտար պետության համար»,- գրում է հոդվածագիրը։