Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն, այսօր Հայաստանում ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ազդարարեց մեծ քաղաքականություն իր մուտքի մասին: Աբրահամյանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես հայտնի է դեռեւս տարեսկզբին Ռուսաստանի հայերը կազմակերպել էին ստորագրահավաք, որով պահանջում էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա տեղակալի հրաժարականը: Այս փաստն ինքնին խոսում է այն մասին, որ Աբրահամյանը Ռուսաստանում ապրող հայերի շրջանում չունի վստահություն, հետեւաբար առնվազն տարակուսելի է, թե ինչ շանսեր կունենա նա արդեն Հայաստանում: Գաղտնիք չէ, որ Արա Աբրահամյանը պատեհ- անպատեհ առիթով խոսում ու գովաբանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Օրինակ մի առիթով խոսելով Պուտինի հետ իր հարաբերությունների մասին՝ նա ասել է. «Ինքը հանձնարարություններ է տալիս, ես կատարում եմ, շատ լավ հարաբերություններ ունեմ: Ինքը նախագահ ա, ես՝ քաղաքացի»:
Աբրահամյանի մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ, բնական է՝ տեղի չէր ունենա առանց Կրեմլի համաձայնության եւ աջակցության: Առհասարակ, Կրեմլի խոսափողներ Հայաստանում տարբեր ժամանակներում եղել են, մատուցել են համապատասխան ծառայություն եւ հեռացել ասպարեզից: Հիշեցնենք թերևեւս, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանում«Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր Դմիտրի Կիսիլյովին: Վերջինս ՌԴ-ի կողմից Հայաստանում «ներդրված» գործակալ էր, ով պարբերաբար հանդես էր գալիս Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններով: Կիսիլյովը հայ հանրությանը հայտնի է նաեւ իր ցինիկ պահվածքով:
Իսկ այսօր արդեն Արա Աբրահամյանը հայտարարել է, որ քաղաքական դաշտ մտնելու մասին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ, եւ ստացել է դրական պատասխան: Արա Աբրահամյանի այս եւ մյուս բոլոր հայտարարությունները ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, ինչն ակնհայտ արվում է «Պուտինը միշտ ճիշտ ա» սկզբունքով: